Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը, Արտգործնախարարությունում Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Դեռ 2 տարի առաջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում խաղաղության դարաշրջան խոստացող վարչապետը երեկ արձանագրել է՝ իր օրակարգն իրագործված չէ, խաղաղություն տարածաշրջանում հաստատված չէ:
«Շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում», - ասել է նա։
«Այդ գործողությունները մենք չտեսանք». Փաշինյանը՝ միջազգային անգործությունից
ԱԳՆ-ում հայաստանցի դիվանագետներից բացի, նաև օտարերկրյա դեսպաններն են եղել։ Վարչապետ Փաշինյանը նրանց ներկայությամբ երեկ խոսել է Հայաստանի ակնկալիքներից ու դժգոհել Արցախում էթնիկ զտումը կանխելու հարցում միջազգային անգործությունից։
«2023 թվականը մեծ մարտահրավերների տարի էր, այդ մարտահրավերներից առանցքայինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին, և դրա հետևանքով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Այս առումով, իհարկե, տեղի ունեցածը հետևանք էր մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հրապարակային ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ և ակնկալում էր միջազգային կոնկրետ գործողություններ, բայց պիտի արձանագրենք նաև, որ այդ գործողությունները մենք չտեսանք»,- նշել է նա:
Վարչապետը կրկնել է՝ եթե հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չունենան, իր կաբինետն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում։
Անբեկանելին պետք է լինի արցախցու վերադարձի իրավունքը. Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ պաշտոնական Երևանն իր հայտարարություններով չպետք է ձևավորի հիմքեր, որոնք թույլ կտան, որ արցախցիների չվերադառնալը նաև միջազգային համայնքին սովորական թվա։
«Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելը օգտագործում է բավական վտանգավոր մի ձևակերպում, որ պետք է քննարկվի արցախցիների վերադարձի կամ գոնե այցելելու հնարավորությունը։ Սա անթույլատրելի նախադեպ է ստեղծում՝ նշաձողը ևս մեկ անգամ իջեցնելու տեսանկյունից։ Այցելության մասին այդ խոսակցություններն ինքնաբերաբար պետք է լինեն օրակարգում, իսկ անբեկանելին պետք է լինի արցախցու վերադարձի իրավունքը։ Հիմա դրա համար Երևանը պետք է իր քաղաքական խոսույթում բավական զգույշ լինի՝ այդպիսի տրամադրությունների վրա յուղ չլցնելու համար», - նշեց նա։
Իսկ խաղաղությունը տարածաշրջանում, ըստ քաղաքական մեկնաբանի, շատ քիչ է կախված Հայաստանից։ Հակոբ Բադալյանը խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ ապագայում չի բացառում, բայց դրա գործնական կիրառության հնարավորությունը չի տեսնում. - «Առանձնապես մեծ բան կախված չէ նաև Ադրբեջանից, եթե ձևավորվի այս խաղաղության փոխհամաձայնությունը խոշոր տերությունների մակարդակում, ես կարծում եմ՝ Ադրբեջանը ոչ միայն ցանկություն, այլ նաև կարողություն չի ունենա որևէ կերպ ձգձգել խաղաղությունը։ Տեսնելով այդ անորոշությունը, անկանխատեսելիությունը և մեծ հաշվով խաղաղության սուղ հնարավորությունները՝ Ադրբեջանը փորձում է առավելապես ապավինել իր ուժային գործոնին և դրա շնորհիվ ստանալ որքան հնարավոր է մեծ քաղաքական առավելություն։
Սա չի նշանակում, որ անխուսափելի է պատերազմը, պարզապես խաղաղությունը երաշխավորված լինել չի կարող այսպիսի միջավայրում»։
Խաղաղության պատրաստակամության մասին հայտարարող կողմերը Արցախի վրա սեպտեմբերյան հարձակումից ի վեր չեն բանակցել պայմանագրի նախագծի շուրջ, ու առաջիկա պայմանավորվածությունների մասին էլ թե կառավարությունից, թե արտգործնախարարությունից չեն հաղորդում։