Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զեկուցողը Բաքվին իր մտահոգությունն է փոխանցել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման առնչությամբ


Արցախ, Գանձասար, արխիվ
Արցախ, Գանձասար, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման առնչությամբ:

«Հաղորդագրության մեջ նշվում է նաև ժողովրդի, հուշարձանների և խորհրդանիշների թիրախավորման, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին: Հաղորդագրությունն անդրադառնում է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռին, ներկայացվում է սրբավայրերի, գերեզմանատների ոչնչացման, «աղվանացման» զեղծարարության, հակագիտական մոտեցումների, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» եզրույթով տարածվող կեղծ օրակարգի, հայերի նկատմամբ ատելության խոսքի, սեպտեմբերի 19-ի հարձակման և էթնիկ զտման, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների մասին տեղեկատվությանը», - փոխանցում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան իր մեկնաբանությունում, որը հրապարակված է գերատեսչության կայքում:

«Հատկանշական է, որ ՄԱԿ հատուկ զեկուցողները բազմիցս անդրադարձել են Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների խախտումներին, հայկական ժառանգության ոչնչացման ու խեղման դեպքերին:

Ցավոք, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կանգնեցրել հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Այո, այն զուգորդվում է նաև ատելության խոսքի դրսևորումներով, ՀՀ տարածքի և ԼՂ պատմության վերաբերյալ հակագիտական զեղծարարությամբ», - ընդգծում է Բադալյանը:

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը կարևոր է համարում միջազգային հանրության կողմից այս իրողությունների փաստագրումը, «ինչն առաջնային նշանակություն ունի նմանօրինակ ոճրագործությունների կանխման և տարածաշրջանում երկխոսության և կայուն խաղաղության մթնոլորտի հաստատման համար»:

XS
SM
MD
LG