«Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը: Ես 2018 թվին էլ ասել եմ, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ ու Հայաստանի Հանրապետության պետական շահերը պետք է առաջնորդեմ ես», - այսպես վարչապետն արձագանքեց դիտարկմանը՝ արդյոք փակվա՞ծ է Ղարաբաղի հարցն ու Հայաստանը դեռ ունի՞ պահանջներ։
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն հայտարարեց՝ ռեսուրսների առյուծի բաժինը Հայաստանը տարիներով ծախսել է ղարաբաղյան խնդրի վրա, որի լուծումը ի սկզբանե ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է։
Նիկոլ Փաշինյանը զարմացած էր, ասաց՝ չի հասկացել, թե ինչո՞ւ աղմուկ բարձրացավ 1.5 տարի առաջ արած իր հայտարարության շուրջ, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կլիներ նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»։ Պնդեց՝ 2018-ին իր կառավարության ժառանգած բանակցային բովանդակությամբ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր։
Ըստ վարչապետի՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանակցային երեսնամյա գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը լուծում առաջարկեր, բացառությամբ մեկի. - «Այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թվականին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է: Դա Մեղրիի ու Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն է, այսինքն, Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին»:
«Փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ իրենից առաջ արդեն ձախողված եղել է»
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ժողովրդին ուզում է համոզել, որ Արցախի էջն իրենից առաջ է փակվել, խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն է այսպես արձագանքում վարչապետի երեկվա հայտարարություններին. - «Բանակցությունների ձախողումը, Մինսկի խմբի շրջանակներում ողջ գործընթացի ձախողումը բերեց պատերազմի, հիմա ինքը փորձում է ցույց տալ, որ որևէ բանով ինքը պատասխանատու չէ, ամեն ինչ իրենից առաջ արդեն ձախողված եղել է»:
«Տավուշյան մարտերից հետո նույնպիսի վստահությամբ, ինքը հրապարակում է մեր մոտեցումը, երկուսի միջև կա 180 աստիճանի տարբերություն, հարց, որտե՞ղ է ինքը ստում՝ երե՞կ, թե՞ 2020 թվականի հունիսին, երե՞կ, թե՞ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երբ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ներկայացնում էր, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգային երաշխավորը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երբ ինքը մադրիդյան սկզբունքներին ի հակակշիռ հրապարակում է, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները», - ասաց Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի մասին
Փաշինյանը և՛ պնդում էր՝ ԼՂ-ի հայության իրավունքները պետք է պաշտպանվեն, և՛ նրա հայտարարություններից ենթադրվում էր՝ խաղաղության պայմանագրում ղարաբաղցիների իրավունքների հարցը չի ամրագրվի։ Երեկ էլ կրկնեց՝ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, իր կառավարության քաղաքականությունն այն է, որ մնան Հայաստանում:
«Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում, իհարկե, մենք դրան կարող ենք ասել՝ Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբաթի հայերի վերադարձի իրավունքը: Այստեղ թեման հետևյալի մեջ է՝ մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնանք նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և ռեսուրսներ օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սա է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ինքը ժողովրդին մոլորեցրել է, ասել է՝ կլինի պատերազմ, եթե ես հանկարծ Արցախի անունը տամ, բայց Ալիևը ինչքան տեսնում է սրանք զիջում են, էդքան ավելի զիջում է պարտադրում: Երեկ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը՝ դելիմիտացիան և դեմարկացին խաղաղության պայմանագրի հետ կապ չունեն: Հասկանում են չէ՞, որ էդ դելիմիտացիան իրենք կարող են օգտագործել վաղը նոր պատերազմ հրահրելու համար», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Վարչապետը հանդես եկավ ՔՊ նախընտրական ծրագրի կոնկրետ դրույթի մեկնաբանմամբ
Երեկ վարչապետը նաև իր առաջնորդած ուժի նախընտրական ծրագրի կոնկրետ դրույթի յուրովի մեկնաբանությամբ հանդես եկավ։ 2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել էր բանակցային առաջնահերթություն դարձնել նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո, ինչը, ըստ ձևակերպման, հնարավորություն կտար 20 թվականի պատերազմից հետո տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները։
«Խոսքը եղել է այդ բնակավայրերում եղած հայկական բնակչության այնտեղ ապրելու հնարավորության մասին, բայց դուք կարող եք ասել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին արձանագրում է եղել նախընտրական ծրագրում: Բա մենք ինքնորոշման իրավունքի հետևից գնում էինք, ինչի՞ ասացինք՝ նշաձողը պետք է իջեցվի», - նշեց վարչապետն ու շարունակեց, որովհետև ուզում էին ինքնորոշման մասին իրենց և միջազգային հանրության պատկերացումները համապատասխանեցնել:
«Մենք ասացինք՝ ժողովուրդ, մենք պետք է մեր նշաձողը իջեցնենք, փորձենք առնվազն մոտեցնենք միջազգային հանրության պատկերացրած նշաձողին: Այս պարագայում մենք միջազգային կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ: վերջերս ընդդիմությունն ասում է՝ բա ինչի՞ չհաջողվեց այդ կոնսոլիդացիան ապահովել, շատ պարզ պատճառով, որովհետև երբ որ մենք հայտարարեցինք նշաձողի իջեցման մասին, ընդ որում, դրա վերաբերյալ նախնական կոնսուլտացիաներ ունեցած լինելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, դրանից հետո Լեռնային Ղարաբաղում նշաձողերը մի քիչ էլ ավելացրեցին», - ընդգծեց նա:
Չնայած հայ - ադրբեջանական հանդիպումներ վերջին ամիսներին տեղի չեն ունենում, բանակցությունները, ասում է Փաշինյանը, շարունակվում են, աշխատանքային մակարդակով կան շփումներ։