Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով, երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը։
Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Միշելին։
Ընդգծելով, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը՝ Բալայանը շեշտել է՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ։
Ըստ ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչության՝ դեսպանը Եվրոպական խորհրդի նախագահին մանրամասներ է հաղորդել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրեցօր ավելացող նկրտումների և խաղաղությանն ուղղված գործընթացը ձախողելու շարունակական փորձերի մասին, այդ թվում՝ Գրանադայում և Բրյուսելում նախատեսված բանակցություններին չներկայանալու իրական պատճառների վերաբերյալ։
Բալայանն ու Միշելը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման հարցեր, Բալայանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծել այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։