Մատչելիության հղումներ

Չեմ ակնկալում, որ մոտ ապագայում կողմերը հասնեն խաղաղության պայմանագրի. Բաքուն ձգձգում է գործընթացը. արևելագետ


Արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը հավանական չի համարում մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը Երևանի և Բաքվի միջև։ Ըստ նրա՝ Հայաստանը դրանում հետաքրքրված է, սակայն ոչ՝ Ադրբեջանը։

Զրույցից մի հատված ստորև.

«Ազատություն». - Դուք մոտ ե՞ք համարում խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը, ինչի մասին Երևանն ու Բաքուն խոսում են։

Գեորգի Միրզաբեկյան. - Ճիշտ նշեցիք, խոսում են դրա մասին ոչ միայն Երևանն ու Բաքուն, այլ նաև տարբեր երկրներ, արտատարածաշրջանային և տարածաշրջանային, սակայն ես կարծում եմ, որ մոտ չենք խաղաղության պայմանագրին, որովհետև կան գործընթացներ, իրողություններ, որոնք ավելի են երկարացնում խաղաղության պայմանագրի կնքումը։

Հավատում եմ, որ Երևանը հետաքրքրված է խաղաղության պայմանագրի կնքմամբ, սակայն կարծում եմ, որ դրանում Բաքուն հետաքրքրված չէ և ավելի ձգձգում է գործընթացը։

Նույն եզրակացությանը կարելի է հանգել մի քանի գործողություններից, առ այն, որ ներկայում փաստորեն առկախված է ԱՄՆ-ի առաջարկը՝ հանդիպելու Վաշինգտոնում, և կարծես թե, Վաշինգտոնն այս անգամ ավելի վճռական կեցվածք է ընդունել և ցանկանում է, որ կողմերը շուտափույթ հասնեն խաղաղության պայմանագրին։ Առաջին հերթին հանդիպեն, սակայն Բաքուն ձգձգում է այս գործընթացը, դեռ ավելին՝ նրանք լարել են հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, տեսնում ենք, որ ագամ Օ՛Բրայանի այցն իր արդյունքները չտվեց, այսինքն՝ սպասելի է, որ գուցե ինչ-որ ճնշման արդյունքում Բաքուն գնա այդ քայլին, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ չի ցանկանում։ Այսինքն՝ չեմ ակնկալում, որ մոտ ապագայում կողմերը հասնեն խաղաղության պայմանագրի, որովհետև Բաքուն, ինչպես նշեցի, ձգձգում է գործընթացը։

XS
SM
MD
LG