Թբիլիսին շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Կառավարության 2023 թվականի կատարողականը ներկայացնելու ժամանակ։
Այս նպատակին հասնելու գործում Վրաստանը զգալի ներդրում ունի, շեշտել է Ղարիբաշվիլին։
Ընդգծելով, որ Վրաստանը տարածաշրջանում սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ՝ Վրաստանի վարչապետը նախ հիշեցրել է՝ Թբիլիսին խաղաղության նախաձեռնությունը սկսել է երկու տարի առաջ, ապա շեշտել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել՝ «Վրաստանը կարևոր միջնորդություն է ցուցաբերել»։
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Այս նպատակին հասնելու գործում զգալի ներդրում ունի Վրաստանը։ Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք հանդիպում անցկացնելու բոլոր երեք երկրների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նախադեպ էր, որին մենք հասանք: Մեր երկիր այցելությունները ինտենսիվ են: Ես մի քանի անգամ եղել եմ Ադրբեջանում, Վրաստան են այցելել Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ բարձր մակարդակի վրա է նաև ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ։
Ռուսաստանի ներկայության պատճառով հրաժարվելով մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպումներին՝ Թբիլիսին անցած տարիներին փորձել է հյուրընկալել հակամարտող հարևաններին։
Այս տարվա հոկտեմբերին Թբիլիսիում անցկացվեց «Մետաքսի ճանապարհի» չորրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը։ Ղարիբաշվիլին այդ օրը կվերահաստատեց՝ Վրաստանը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին կարգավորելու երկարամյա հակամարտությունը։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ համարելով այն խաղաղության օրակարգի կարևոր մաս։
Հոկտեմբերին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ։