Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերությունները չեն փորձության ենթարկվում, այլ՝ պայմանագրերը. Արթուր Հովհաննիսյան


Հայ-ռուսական հարաբերությունները փորձություն են ապրում, բայց դա պայմանավորված չէ երրորդ կողմի ազդեցությամբ, հայտարարում է իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանի գործողությունների ու որոշումների վրա չկա և չի կարող լինել որևէ երրորդ ուժի ազդեցություն:

«Փորձության են ենթարկվում ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն այս կոնտեքստում, եթե մի քիչ ավելի դետալացնենք, փորձության են ենթարկվում այն պայմանագրերը, որոնք կան մեր մեջ։ Այս կոնտեքստում կարող ենք խոսել նաև ՀԱՊԿ-ի մասին, որովհետև այնտեղ էլ կան պայմանագրեր և չկատարված պարտավորություններ, այսինքն՝ այս պայմանագրային հարաբերություններն են փորձության ենթարկվում, մենք պետք է հասկանանք՝ հիմա այս պայմանագրերը վերջը գործում են, թե չեն գործում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Մոսկվայում «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նշանաբանով համաժողովի ուղերձում պնդել է, թե երկու երկրների դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել այդ հարաբերությունները:


Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը հայ-ռուսական լարվածության համար առաջին անգամը չէ, որ մեղադրում է Արևմուտքին։ Երևանից, սակայն, հակադարձում են՝ հիշեցնելով անցած տարի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը չդատապարտած ՀԱՊԿ-ից ունեցած լուրջ դժգոհությունը, անվտանգության հարցերում Մոսկվայի պայմանագրային պարտավորությունների ձախողումը, իսկ Արցախի անկումից հետո՝ նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի հիմնական կետերը մնացին թղթի վրա:

«Կան պարտավորություններ, և կան չկատարված պարտավորություններ, և մենք հիմա աշխատանքային ռեժիմով, պաշտոնական ռեժիմով մեր գործընկերների հետ փորձում ենք առաջ շարժվել՝ հասկանալու համար, թե ինչպես լուծել առաջացած խնդիրները», - նշեց Արթուր Հովհաննիսյանը:


Երևանից արձագանքում են Մոսկվային՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դե ֆակտո գոյություն չունի


Եվ մինչ Երևանը քննադատում է ռուսական կողմին դաշնակցային պարտավորությունները ձախողելու, նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթները չպահպանելու և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար, Մոսկվայից երկու օր առաջ զգուշացրել են, թե այդ հայտարարությունից հրաժարվելու փորձերը չափազանց վտանգավոր են: Պաշտոնական Երևանն այս զգուշացմանը չի արձագանքել, սակայն իշխող ուժի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը դա աբսուրդ է համարում:

«Ինչի՞ց հրաժարվենք, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի՞ց։ Դրանից հնարավոր չի հրաժարվել, այդ գիծը գոյություն չունի: Լաչինի միջանցքի՞ց հրաժարվենք։ Դրանից էլ հնարավոր չի հրաժարվել, Լաչինի միջանցք այլևս չկա։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությո՞ւնից հրաժարվենք Լեռնային Ղարաբաղում, դրանից էլ չենք կարող հրաժարվել, որովհետև չկա դա, այսինքն՝ պետք է հրաժարվես մի բանից, ինչը որ կա: Եթե ինչ-որ բան չկա, ինչպե՞ս հրաժարվես դրանից», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը:

Քաղաքագետը վերջին շրջանում ռուսական կողմի կոշտ հռետորաբանության մեղմացում է նկատել

9-ի եռակողմ հայտարարության 9 կետերից երկուսը վերաբերում էին Աղդամի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելուն, որը հայկական կողմը սահմանված ժամանակացույցով իրականացրեց: Մյուս հիմնական կետերը, որոնք վերաբերում էին հրադադարի պահպանմանը, Լաչինի միջանցքով դեպի Հայաստան անխոչընդոտ տեղաշարժին, գերիների վերադարձին, չեն պահպանվել: Սրանց մասին ռուսական կողմը չի խոսում, փոխարենը հաճախ հիշում են տարածաշրջանային ապաշրջափակման դրույթը, ըստ որի տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացներ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը։ Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը նկատում է՝ եռակողմ հայտարարության հիմնական դրույթները խախտված են, հետևապես այդ փաստաթուղթը դե ֆակտո գոյություն չունի:

«Ռուսաստանն անընդհատ այդ մասին խոսում է, որովհետև իրենք համարում են, որ իրենք ինչ-որ բան ունեին ստանալու այդ եռակողմ պայմանավորվածության 9-րդ կետով, այսինքն՝ կոմունիկացիաների վերահսկողությունը որ պիտի ռուսական կողմինը լիներ, իրենք կարծում են, որ դա դեռ իրենք պիտի ստանան և նույնիսկ անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում, ասում են, որ ռիսկային կլինի այդ փաստաթղթից հրաժարումը, ՀԱՊԿ-ն առաջին հերթին Հայաստանի համար է։ Այստեղ սպառնալիքներ են ուղղակի, մինչդեռ եռակողմ պայմանավորվածությունները վաղուց գոյություն չունեն», - ասաց նա։
Մոսկվայից նաև պնդում են, թե նոյեմբերի 9-ին և դրանից հետո ընդունված Հայաստանի, Ռուսստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները Երևանի ու Բաքվի հաշտեցման միակ ճանապարհային քարտեզն են, և կողմերից ոչ մեկը դեռ հետ չի վերցրել իր ստորագրությունը։

«Էլ ի՞նչ հաշտեցման փաստաթղթի մասին է խոսքը, երբ որ այդ փաստաթղթի 90 տոկոսը, ըստ էության, այլևս չկա», - հարցնում է Արթուր Հովհաննիսյանը։

Չնայած Մոսկվան և Երևանը շարունակում են մեղադրանքներ փոխանակել, այդուհանդերձ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը վերջին շրջանում ռուսական կողմի կոշտ հռետորաբանության մեղմացում է նկատել։ Ռազմավարական դաշնակիցները, սակայն, նրա կարծիքով, նախկին հարաբերություններին այլևս չեն վերադառնա:


«Այնտեղ էլ են հասկանում, որ որքան մոտենում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ ստորագրումից հետո այլևս Ռուսաստանի դերը էապես նվազելու է մեր տարածաշրջանում, ինչքան մոտենում է այդ ենթադրյալ պահը, այնքան Ռուսաստանը փորձում է այդտեղ մեղմելով, սիրաշահելով փորձել կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները, թեև իմ կարծիքով՝ արդեն ուշ է», - ընդգծեց մեկնաբանը։

Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում սպասվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Կառավարությունն առայժմ չի հստակեցնում, թե արդյոք դրան կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այդ բոյկոտել էր ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի պաշտոնական հավաքները։ Իսկ Մոսկվայում այսօր անցկացվող ԱՊՀ պետությունների կառավարության ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նախորդին Փաշինյանն էր մեկնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG