Մատչելիության հղումներ

«Բաքուն պետք է ևս մեկ անգամ դիտարկի զորքերի հետքաշման առաջարկը». Երևանից արձագանքում են Բայրամովին


Չնայած Բաքուն մերժեց սահմանից զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարծում է՝ հարցը դեռ օրակարգում է, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի պատասխանը, ըստ Ալեն Սիմոնյանի, վերջնական չէ: Խորհրդարանի ղեկավարը պարզաբանեց՝ հայկական կողմն առաջարկում է, որ զորքերը մեկ-երկու կիլոմետր հետ քաշվեն:

«Խոսքը չի գնում սահմանապահների մասին, մեր համար նախընտրելի կլինի, որ շփման գիծը կանգնած լինի սահմանապահը, և այդ տարբերակը ըստ իս դեռ ուժի մեջ է և առաջարկն օրակարգում է: Կարծում եմ, Բաքուն պետք է ևս մեկ անգամ դիտարկի այդ առաջարկն ու համապատասխան արձագանք տա», - ասաց Սիմոնյանը:

Եթե Բաքուն համաձայնի զորքերի հայելային հետքաշմանը, դա արդյոք կնշանակի՞, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից: Ազգային ժողովի նախագահն ասաց՝ այս առաջարկն այլ բանի մասին է:

«Խոսքը գնում է սահմանագծման ու լարվածությունն իջեցնելու համար և հնարավոր կրակոցներից ու բախումներից զերծ մնալու համար հետքաշման մասին», - ընդգծեց Սիմոնյանը:

Սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին պաշտոնական Երևանն առաջին անգամ խոսել է 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Սյունիքի մարզի Սև լճի տարածք, Բաքուն այդ ժամանակ չարձագանքեց:

Օրերս այդ մասին խոսեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով այդ հարցում Բաքվի հետ համաձայնության գալ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ոչ միայն չընդունեց այս առաջարկը, այլ պնդեց, թե ադրբեջանական զինուժը իր տարածքներում է կանգնած:

«Ադրբեջանական բանակը այդ սահմաններին է հասել ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով կամ հրավերով, այլ՝ ազատագրել է իր տարածքները 30 տարվա արյունահեղությունից հետո և այսօր կանգնած է իր սահմաններին», - ասել է Ջեյհուն Բայրամովը:

Իշխող ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Բաքվի այս պնդումը հիմնազուրկ է համարում: Նրա կարծիքով՝ Ադրբեջանն իր բանակցային դիրքերն ուժեղացնելու պատճառով է մերժում հայկական կողմի առաջարկը, մինչդեռ եթե Բաքվի նպատակն իրական խաղաղությունն է, ապա պետք է համաձայնեն այս և հայտարարված մյուս սկզբունքներին:

«Իրանց մոտ ինչ-որ տարօրինակ բան է, որ քարտեզները չկան, դելիմիտացված չեն, իրականում ամեն ինչ էլ կա, և 91 թվականի Ալմա Աթիի հռչակագրով երկու հանրապետությունները անկախացել են իրենց վարչական, սովետական սահմաններով, որը կա», - ասաց Թորոսյանը:

44-օրյա պատերազմից հետո Բաքուն, հայկական կողմի տվյալներով, Սյունիքում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում օկուպացրել է շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Արսեն Թորոսյանը շեշտում է՝ եթե երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, ապա տարածքային ամբողջականությունը ողջ սահմանով պետք է վերականգնվի:

«Խոսքն ամբողջ սահմանի ընթացքով դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին է, ի դեպ, ոչ միայն Ադրբեջանը, այլև Նախիջևանի հետ: Այս կոնֆլիկտի ընթացքում՝ թե՛ թարմ ներխուժման ընթացքում, թե՛ 90-ականների ընթացքում եղած բախումների ժամանակ խախտված սահմանները պետք է վերականգնվեն», - ընդգծեց Արսեն Թորոսյանը:

2021 թվականից հետո Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժը ոչ միայն չի նահանջել, այլև կարճ ժամանակում ամրաշինական և շինարարական աշխատանքներ է իրականացրել։ Արդյոք սրանք ազդակներ չեն, որ անգամ սահմանազատման փուլում Բաքուն դուրս չի գա այդ տարածքներից: Թորոսյանը չի հերքում՝ նման մտահոգություն իշխանությունն ունի:

«Հենց այդ մտահոգության մասին ենք ասում, որ պետք է հստակ ամրագրվեն սկզբունքները և գրավոր ստորագրություններով հաստատվեն: Դրանում է ամբողջ բարդությունը, որ մինչ օրս չի ստորագրվել խաղաղության համաձայնագիրը», - ասաց Թորոսյանը:

Իշխող ուժի պատգամավորի կարծիքով՝ միայն այդ սկզբունքների հստակ ամրագրման դեպքում հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից: Խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Երևանի համար կարևոր են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Խորհրդային միության վերջին քարտեզներով սահմանազատման և ինքնիշխանության հարգմամբ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման սկզբունքները։ Դրանից հետո արդեն, ըստ Արսեն Թորոսյանի, հնարավոր կլինի անցնել սահմանազատման աշխատանքներին: Ադրբեջանը մինչ օրս հստակ չի ասել՝ կողմ է արդյոք 1975 թվականի քարտեզներով սահմանազատմանը։

«Իրենք ուզում էին առնվազն և դա զգացվում էր հրապարակային խոսքում, հարցը թողնել բաց, բաց թողնելով վաղը կրկին սրում կամ էսկալացիա իրականացնելու՝ ամեն կոնկրետ բլրի կամ ձորի հարցը լուծելիս, ինչն անընդունելի է: Եվ չի կարող խաղաղության համաձայնագիրը կնքվել՝ թողնելով տեղ ապագա էսկալացիաների և կոնֆլիկտների, որովհետև էդ դեպքում իմաստ չունի կնքել», - նշեց Արսեն Թորոսյանը:

Երեկ Երևանն ու Բաքուն հաստատեցին սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը: Թե երբ է նախատեսվում հերթական հանդիպումը, դեռ պարզ չէ: Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, թե սահմանազատումը կարող է տարիներ տևել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG