Մատչելիության հղումներ

Հողից զրկված Տեղ համայնքի բնակիչները պետությունից դեռ փոխհատուցում չեն ստացել


Արխիվ
Արխիվ

Սյունիքի Տեղ համայնքում գարնանն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հողատարածքների սեփականատերերը պետությունից դեռ որևէ փոխհատուցում չեն ստացել։

Համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Արցախը Հայաստանին կապող երթուղին պետք է փոխվեր։ Մարտի վերջին՝ մի գիշերվա ընթացքում, ադրբեջանական զինուժը տեղակայվեց Տեղ-Աղավնո ճանապարհի հարևանությամբ գտնվող հողատարածքներում։ Տեղ գյուղի 33 ընտանիքին պատկանող 102 հեկտար դաշտերում ադրբեջանցիներն ամրացան, հենակետեր կառուցեցին։ Հողից զրկված գյուղացիներն այդ ընթացքում գյուղից անզեն աչքով հետևում էին ադրբեջանական դրոշի տակ հասունացող իրենց արտերին։

«Հեսե գնում եմ, խանութի մոտ կանգնում, թուրքերը, տեսնում եմ, հողումս խրամատ սարքած, տանկերը՝ կանգնած, զենքերը՝ դրած հենց անմիջապես իմ հողիս մեջին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեղի բնակիչ Լարիսա Ավագյանը։

Համայնքային և մարզային իշխանություններն այն ժամանակ հավաստիացնում էին գյուղացիներին, որ վարուցանքի ծախսերը կփոխհատուցվեն՝ ամեն հեկտարի համար 500 հազար դրամի չափով։ Իսկ հողե՞րը, հարցրել է 70-ամյա Լարիսա Ավագյանը։ Պատասխանել են՝ սպասեք սահմանազատման աշխատանքներին։

«Մենք հույսո՞վ լինենք, որ էդ հողերը կարող ա մեզ վերադարձնեն… չէ՜։ Մինչև սահմանազատում-սահմանագծում չլինի, էդ քարտեզները չգան, չափեն, արդյոք կլինի՞ մեր հայկական հողերը նորից մեզ վերադարձնեն, թե՞ կմնա թուրքի ձերքին, մենք էդ չգիտենք», - հարցնում է նա։

Կորցրած հողերից ամենամեծի՝ 3 հեկտարի սեփականատեր Գայանե Ավագյանը լուրերով պաշտոնյաներից լսել է, որ սահմանազատման դեռ չսկսված աշխատանքները կարող են տարիներ տևել։ Ինչքա՞ն սպասենք, անհասցե հարցնում է կինը։

«Հողի վկայականն ունեմ, հող չունեմ», - սրտնեղում է տիկին Գայանեն, որ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը համայնքապետարան է ուղարկել՝ սահմանի մյուս կողմում մնացած ցորենի դիմաց փոխհատուցում ստանալու հույսով։ Հողի դիմաց փոխհատուցման զրույցները 60-ամյա կնոջն ամենաշատն են մտահոգում։ Ասում է՝ սպասվող սահմանազատման ժամանակ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես բանակցեն, որ Տեղի բնակիչներն անհող չմնան։

«Հողը վաճառքի չեն դնում։ Ես իմ հողն եմ ուզում։ Հողը վաճառում չեն», - ասաց նա։

Կորցրած հողերի և կրած վնասների ամբողջ փաթեթն ամիսներ առաջ կառավարություն է ուղարկվել։ Ըստ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ փոխհատուցման որոշում դեռ չկա։

«Կառավարությունում դեռ քննարկվում է։ Ես Տեղ համայնքում շատ հաճախ եմ լինում։ Նաև ոչ բոլոր, բայց գյուղացիների մի մասի հետ հանդիպել եմ, և էդ հարցը քննարկել ենք, համայնքի ղեկավարն էլ՝ Դավիթ Ղուլունցը, պարբերաբար կապ է հաստատում այդ խնդրի հետ կապված։ Մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցը», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Քննարկվում է արդյո՞ք մինչև սահմանազատումը սեփականությունից զրկված գյուղացիներին այլ հող տրամադրելու հարցը։ Իշխանական պատգամավորը չհստակեցրեց, միայն հավաստիացրեց, որ պատրաստ է կառավարության որոշումից հետո լսել գյուղացիների բողոքները։

«Ամեն դեպքում եթե որոշում լինի, որը քաղաքացիների դժգոհությունը կառաջացնի, ես այդ հարցը նորից կբարձրացնեմ Ազգային ժողովում, հարցուպատասխանի ֆորմատով կբարձրացնեմ, որպեսզի պարզ ու թափանցիկ պատասխան ստանան մեր համաքաղաքացիները», - նշեց նա։

Տարածքային կառավարման նախարարությունից էլ «Ազատությանը» չպատասխանեցին՝ թե ինչու է ուշանում փոխհատուցումը:

Գյուղում անհանգիստ են նաև հայկական մնացած, բայց ադրբեջանցի զինծառայողների տեսադաշտում հայտնված հողերի համար։ Ամռանն ադրբեջանցիները կրակ էին բացել իրենց դիրքերի հարևանությամբ խոտ հնձող՝ տիկին Լարիսայի որդիների ուղղությամբ։ Ստիպված հրաժարվել են նաև վարձակալությամբ վերցված այդ հողի բերքից։

XS
SM
MD
LG