Մատչելիության հղումներ

Վարչապետը վերստին հայտարարեց՝ «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»


Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը Արցախը ևս ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում. այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների այս հարցին՝ Հայաստանի վարչապետը հստակ «այո» կամ «ոչ» չասաց, բայց վերստին հայտարարեց՝ հայկական կողմը դա արդեն արել է Մադրիդյան սկզբունքներով։

Չնայած ընդդիմախոսների հակառակ պնդումներին, որ Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշեր հանրաքվեի միջոցով, Նիկոլ Փաշինյանն այսօր կրկնեց՝ պետք է իրականության հետ առերեսվենք:

«Իմ զեկույցում ես հստակ արձանագրել եմ հետևյալը՝ որ 2007 թվի արձանագրումը մարդրիդյան սկզբունքների, դա նշանակում է, որ ինքնորոշման իրավունքը Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, դա է պրոբլեմը և մենք զուգահեռ իրականություն ենք ստեղծել, ցանկալի իրականություն, որը միջազգային և աշխարհաքաղաքական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել», - ասաց վարչապետ:

Նախօրեին Իլհամ Ալիևն էր պահանջել Փաշինյանից՝ հստակ հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Այս պահանջը կրկնեց նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ միաժամանակ Երևանին մեղադրելով «տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը խոչընդոտելու համար։

Հայաստանի վարչապետը այսօր դարձյալ հավաստիացրեց՝ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, բայց միևնույն ժամանակ հավելեց՝ որևէ երաշխիք չկա, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:

«Նախ, դեռ փաստ չի, որ ստորագրում ենք, ես հույս ունեմ, և ես պատրաստ եմ ստորագրել իմ երեկվա ելույթում ասած խնդիրների հասցեագրման շրջանակներում: Իսկ ստորագրում ենք, եթե ստորագրում ենք, նրա համար, որ առանց դրա ստորագրման երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում, իսկ ստորագրման պարագայում առնվազն հավանականությունը շատ էական մեծանում է, որ այդպես չի լինի», - ասաց կառավարության ղեկավարը:

«Տեղ համայնքում խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով»

Վարչապետի փոխանցմամբ՝ Սյունիքի Տեղ համայնքում խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ Փաշինյանը հույս հայտնեց, որ մնացած 3.6 կիլոմետրանոց հատվածն էլ կճշգրտվի։

«Ի՞նչ է նշանակում՝ սահմանը ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով, դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա», - նշեց վարչապետը:

Հարցին՝ «այսինքն Հայաստանի տարածքից դո՞ւրս, որովհետև իրենք հիմա գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում», Փաշինյանը պատասխանեց. - «Էդ պրոբլեմատիկ հատվածը, որտեղ իրանք գտնվում էին, մեր գնահատմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքում, նախկին իմ արած հայտարարությամբ ինքը 5 կմ-ից ավելի էր, հիմա էդ 5 կմ-ն դարձել է 3,6: Այսինքն՝ սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանային կետը ճշգրտել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»:

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ Արցախ տանող ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Ադրբեջանը հինգ կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Մինչ գյուղացիներն ահազանգում էին, որ ադրբեջանցիները տեղակայվել են իրենց դաշտերում ու խրամատներ են փորում, Հայաստանի իշխանություններն էլ հայտարարում էին, թե բանակցություններ են ընթանում ու էական բարելավում կա, ապրիլի 11-ին դիրքերի ճշգրտման շուրջ բանակցություններից մեկը արյունոտ ավարտ ունեցավ։ Փոխհրաձգության հետևանքով չորս հայ զինծառայող զոհվեց, Ադրբեջանը հայտնեց երեք զոհի մասին։

«Հայաստանը պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն սահմանին»

Փաշինյանը, որ խորհրդարանում մասնակցում է կառավարության ծրագրի կատարողականի զեկույցին, նաև անդրադարձավ սահմանին դիտորդական առաքելությունների կարևորությանը, ասաց, Հայաստանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման հետ կապված մտահոգությունների սահմանը, նաև պնդեց՝ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն սահմանին։

«Մտահոգությունների շրջանակը գծել ենք, ըստ էության, մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ, սա կարևոր է և՛ Հայաստանից համար, և՛ ՀԱՊԿ-ի համար, և՛ տարածաշրջանի համար», - ընդգծեց վարչապետը:

Պաշտոնական Մոսկվան շաբաթներ առաջ պնդել էր, թե հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ Մինչև այս պահը, սակայն չկա հստակություն՝ ե՞րբ, ի՞նչ կազմով, որտե՞ղ է տեղակայվելու դիտորդական առաքելությունը, ի՞նչ լիազորություններ է ունենալու և անվտանգության ի՞նչ երաշխիքներ է ստանձնելու։

Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, այսօր ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ ռազմական այս դաշինքը, ի տարբերություն հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայած Եվրամիության, անվտանգային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG