Մատչելիության հղումներ

Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկը


Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկը, այսօր թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը պաշտոնապես կրկնել էր այդ առաջարկը երեկ՝ պնդելով, թե դա կնպաստի վստահության ամրապնդմանը։

«Կարճ կպատասխանեմ՝ ես համաձայն չեմ Հայաստանի արտգործնախարարի հետ։ Հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, դա բավականին բարդ հարց է։ Եթե զորքերը հետ քաշվեն՝ առանց ամբողջական համաձայնության, ո՞վ կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի գրավի»,- արձագանքել է Բայրամովը։

Տարածքներ ու դիրքեր վերջին երեք տարիներին, Ադրբեջանն է գրավում։ Երևանը, մասնավորապես, պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո Բաքուն Հայաստանից առնվազն 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել։

Այս տարեսկզբին միջազգային դատարան ներկայացված քարտեզի համաձայն՝ Բաքուն վերահսկողության տակ է առել ռազմավարական բարձունքներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի հատվածներում։

Նախագահ Ալիևն այս ընթացքում մի քանի անգամ հպարտացել է, թե ադրբեջանական բանակը շահեկան դիրքում է հիմա, միաժամանակ պնդել, թե դրանք եղել են ադրբեջանական հողեր։ Նույնն այսօր արտգործնախարարն է կրկնել։

«Ադրբեջանական բանակը այդ սահմաններին է հասել ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով կամ հրավերով, այլ՝ ազատագրել է իր տարածքները 30 տարվա արյունահեղությունից հետո և այսօր կանգնած է սահմաններին»,- այսօր ասել է Բայրամովը։

Այս տարվա մայիսին նաև Միացյալ Նահանգներն էր հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնել զորքերի հայելային հետքաշման հարցում։

Բաքուն, սակայն, մինչև օրս համաձայնություն չի տվել ո՛չ Երևանի, ո՛չ Արևմուտքի հորդորներին։ Ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ Երևանն առաջարկում է գործընթացն իրականացնել՝ հիմնվելով 1975 թվականի քարտեզների վրա։

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հայտարարել է, թե 1975 թվականի քարտեզը, որին հղում է անում Հայաստանը, գոյություն չունի։

Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե սահմանազատումը պետք է արվի ոչ թե կոնկրետ քարտեզների հիման վրա, այլ՝ գոյություն ունեցող բոլոր իրավական փաստաթղթղերի՝ չմանրամասնելով, թե ինչ է հասկանում դրա տակ։

«Նախկին Խորհրդային Միության տարբեր ժամանակներում մեր տարածաշրջանում տարբեր քարտեզներ են կազմվել, և ինչպես հայտնի է, ոչ բոլոր այդ քարտեզներն են հիմնված իրավական փաստաթղթերի վրա», - ի պատասխան Հայաստանի վարչապետի հայտարարել էր Ադրբեջանը, հավելելով՝ ընդհանուր առմամբ, փորձը ցույց է տալիս, որ սահմանազատումը միայն քարտեզներով չի արվում»։

Թե այս պահին Բաքուն որ փաստաթղթերի վրա է հիմնվում, պնդելով, թե կանգնած է իր տարածքում, և համաձայնել է արդյոք սահմանազատումն իրականացնել ԽՍՀՄ Գլխ շտաբից տրամադրված քարտեզներով, հստակ չէ։ Արտգործնախարար Բայրամովը այսօր միայն հայտարարել է, թե երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը հաջող է անցել։

«Նոյեմբերի 30-ին սահմանին հանդիպել են դելիմիտացիայի հանձնաժողովների ղեկավարները, հանդիպումը եղել է բավական կառուցողական, համաձայնություններ են ձեռք բերվել ընթացակարգերի վերաբերյալ, կողմերը փաստաթղթեր են փոխանակել հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ լավատեսության հիմք կա, և կարծում ենք, որ այսպես, քայլ առ քայլ կարող ենք առաջ շարժվել։ Եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի օրինական շահերը և միջազգային իրավունքը, մենք կկարողանանք հասնել դրական արդյունքի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովը միաժամանակ նշել է, թե Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանից ներկայացված վերջին առաջարկություններում նկատելի է առաջընթաց։

Բովանդակային մանրամասներ, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը չի ներկայացրել։

«Շատ կարճ միայն կասեմ, որ այդ փաստաթուղթը, առաջարկությունների այդ փաթեթը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն նախորդի կրկնությունը չէ, այստեղ որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը։

Թուրքիայի արտգործնախարարը, որ առաջին անգամ էր Բաքվում՝ Ղարաբաղի դեմ սեպտեմբերյան հարձակումից ու այն Ադրբեջանի վերահսկողության տակ առնելուց հետո, հայտարարել է, թե Անկարան լիովին աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG