Մատչելիության հղումներ

Բայրամովը հուսով է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները չեն մեծացնի տարածաշրջանային լարվածությունը։ Երեկ Ժնևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով թուրքական պետական Anadolu գործակալության հարցին՝ նա նշել է, որ զորավարժություններն ուղիղ առնչություն չունեն Ադրբեջանի դիրքորոշմանը, միաժամանակ հայտարարելով․ - «Մենք հույս ունենք, որ այդ, եկեք ասենք, գորոծողությունները Հայաստանը չի օգտագործի տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու համար»։

Նա կրկնել է Ադրբեջանի կոչերը Հայաստանին՝ խուսափել «սահմանային սադրանքներից», «չսնուցել անջատողականությունը Ադրբեջանի տարածքում», անհապաղ դադարեցնել «Հայաստանի անօրինական ռազմական ներկայության ֆինանսավորումն ու այլ տեսակի աջակցությունները, դուրս բերել ռազմական ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico Europe պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում, և նշել է, որ հետևաբար Հայաստանը ևս պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի։ «Եվրամիության դիտորդական առաքելությունը կարող է հաստատել, որ Հայաստանը սրացման մտադրություն չունի», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սրացումներից խուսափելու համար անհրաժեշտ է զորքերը հետ քաշել ելման դիրքեր, և Հայաստանը պատրաստ է այդ քայլին։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը, առաջնորդվելով անպատժելիության զգացումով, այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում, և կոչ է արել սահմանից զորքերը հայելային հետ քաշել նախկին Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերիի հեռախոսազրույցում վերջինս ասել է, թե Ադրբեջանի սահմանին ռազմական տեխնիկա և կենդանի ուժ կուտակելու լուրերն իրական հիմք չունեն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևի ասուլիսում ասել է, որ մի շարք հոդվածներ կան, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ մոտ են, բայց կան նաև կետեր, որտեղ դիրքորոշումները բավականին տարբեր են ու ավելի շատ քննարկումներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը պետք է առանց տարընթերցումների լինի, փոխադարձ ու պարզ՝ հիմնված միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի ու իրավունքի վրա։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում ասել է, որ նախօրեին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ «Ցավոք, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են միմյանցից», - նշել է Միրզոյանը։

XS
SM
MD
LG