Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը և ասել, թե տարածքներ օկուպացնելու մեղադրանքները հնչում են Հայաստանի կողմից, որը «30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները»։
Ըստ Բաքվի՝ «չնայած 2020 թվականի պատերազմի արդյունքներին՝ Հայաստանը չի վերադարձնում Ադրբեջանին պատկանող 8 գյուղերը, մինչև հիմա դուրս չի բերում իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, մշտապես ռազմական սադրանքների է դիմում»։ Հաջիզադեն նշել է, թե Հայաստանի պնդումները «կեղծիքի և իրականությունը խեղաթյուրելու օրինակ են»։
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ անդրադարձել էր մեկ տարի առաջ այս օրերին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Հայաստանի դեմ և հայտարարել, որ առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է վտանգել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 13-14-ին, ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը ավելի քան 220 զոհ էր տվել, Ադրբեջանը հաղորդել էր իր կողմից ավելի քան 80 զինծառայողի զոհվելու մասին։
Պաշտոնական Երևանը երեկ նշել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով օկուպացվել է շուրջ 150 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերահաստատել Երևանի առաջարկը՝ սահմանից զորքերը հայելային հետ քաշել՝ հիմք ընդունելով նախկին Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզները։
Ադրբեջանի արտգործնախարարությունը այս առաջարկին չի պատասխանում, ընդհակառակը՝ հայտարարել է, որ հայկական կողմն է լուրջ սպառնալիքի աղբյուր, քանի որ հղումներ անելով ղարաբաղյան շրջանին՝ կասկածի տակ է դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, թաքցնում է տարածաշրջանում ուժերի կուտակումները, փորձում է ուշադրությունը շեղել սադրիչ գործողություններից, որոնք կարող են իրականացվել ցանկացած պահի։