Մատչելիության հղումներ

Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգը «Հայաստանի դեմ պատերազմի շարունակությունն է»


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Անկախացումից ի վեր առաջին անգամն է, որ Հայաստանը միակողմանի զիջումներով, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով կորցնում է քաղաքական ինքնությունը, ասում է միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտոր և դասախոս Էդուարդ Աբրահամյանը, ով Երևանում մասնակցում էր նորաստեղծ Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի կազմակերպած գագաթնաժողովին:

44-օրյա պատերազմով և դրանից հետո ձեռնարկած հարձակումներով Ադրբեջանը լուծել է ռազմական և քաղաքական հարցերը՝ ստիպել է Հայաստանին հրաժարվել դիմադրել, շարունակեց Աբրահամյանը:

«Հայկական կողմի նարատիվը նույնիսկ չպահպանվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ առ այն, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, առ այն, որ Ադրբեջանի կողմից եղել է հայերի նկատմամբ ագրեսիա, ինչի հետևանքով, այսինքն՝ ինքնապաշտպանության իրավունքի խնդիր է էստեղ եղել և ոչ ագրեսիայի, ինչպես ներկայացնում է ադրբեջանական նարատիվը», - ընդգծեց նա:

Խաղաղության օրակարգը, ըստ Էդուարդ Աբրահամյանի, Ադրբեջանի առաջ քաշած օրակարգն է և խաղաղության հետ ոչ մի առնչություն չունի, ավելին՝ դա Հայաստանի դեմ պատերազմի շարունակությունն է՝ ոչ ռազմական միջոցներով: Այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարը, Սյունիքի նկատմամբ նկրտումներն այդ պատերազմի շրջանակում են. - «Այն փաստը, որ նույն «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ըստ էության, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը կից գործող ստորաբաժանում է, և այն, որ Ալիևը մի քանի անգամ, բացի այն, որ շեշտել է, որ ներկայիս Հայաստանի տարածքները հանդիսանում են ադրբեջանական պատմական տարածքներ, շեշտել է նաև այն, որ «մենք կվերադառնանք այդ տարածքներ, կարևոր չի ռազմական ուժով՝ մենք կարող ենք վերադառնալ նաև քայլելով, մեքենաներով, ոչ միայն տանկերով, կամ ոչ տանկերով», սա արդեն իսկ հուշում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող պատերազմի քաղաքականությունը, պատերազմի տրամաբանությունը՝ ոչ ռազմական միջոցներով»:

Հետևաբար, ըստ Աբրահամյանի, «խոսելով խաղաղությունից, խաղաղության պայմանագրից՝ խաղաղություն բառը չպետք է շփոթեցնի ոչ մեկին»:

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և Քաղաքական վերլուծության Թուրփանջյան կենտրոնի ղեկավար Ստեփան Աստուրյանը ևս կարծում է, որ եթե անգամ այսօր խաղաղության պայմանագիր կնքվի, այն դժվար կյանքի կոչվի առանց շատ լուրջ երաշխավորների, քանի որ Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն ազգային ինքնության մասն է, այլև՝ պետականորեն համակարգվող քաղաքականություն:

«Մի ամբողջ մեքենա կա՝ պատմաբանների, հնագետների, մարդաբաններու, որոնց գործն է պետականորեն համադրված հերքել հայերի ներկայությունը Հարավային Կովկասում պատմականորեն: Շատ հետաքրքրական երևույթ է, որովհետև այդ խոսքերը, որ ասվում էին իրենց մասին 90-ական թվականներուն՝ որ նորեկներ են, ինքնություն չունեն և այլն, մի ձևով կարել են և հայելային վերադարձնում են», - ասաց Աստուրյանը:

«Ամբողջ ադրբեջանական հանրությունը պետության կողմից կենտրոնացված է այդ հայատյացության վրա, նաև՝ քավության նոխազի շատ հետաքրքրական զգացումի, գրեթե բոլոր ցեղասպան պետություններն իրենց արմատում ունեն այդ զգացումը, որ իրենք քավության նոխազ են, հետևաբար՝ պետք է սպանեն դիմացինին, որովհետև դիմացինը իրենց երևակայական մեծ վնասներ է հասցրել», - շարունակեց Թուրփանջյան կենտրոնի ղեկավարը:

Այդպիսի մտայնությամբ, ըստ նրա, միայն ատելություն և ռազմատենչություն է առաջանում երկրում:

«Հիմա, երեք ամիս է այստեղ եմ ապրում և նկատում եմ, որ որևէ ճիգ չկա բնաչությունը մի քիչ ոչ թե մարտական մթնոլորտի մեջ մտցնելու, այլ՝ զորաշարժի: Այսինքն՝ գիտակցություն չկա, կյանքը շատ ուրախ, երջանիկ է, և կարծում եմ, որ այդ էլ պետք է մի ձև փոխվի՝ առանց մտասևեռման վերածվելու», - ընդգծեց պրոֆեսորը:

Հայաստանը իրավունքներից չպետք է հրաժարվի և չպետք է փակի Ղարաբաղի հարցը, կարծում է Աստուրյանը. - «Իմ կարծիքով՝ ինչպես ասացիք, միջազգային հարթակների վրա չպետք է փակվի հարցը: Հիմա, իրապաշտ մոտեցումով մոտենալով այս խնդրին՝ բնականաբար, այս վայրկյանիս Հայաստանն ի վիճակի չէ վերագրավելու Արցախը, բայց հարցը չպետք է մարի, պետք է մնա»:

«Երբ հայկական մամուլը, հարցազրույցներն ես դիտում, մամուլն ես կարդում և այլն, այն տպավորությունն ես ստանում, որ կարծես թե Ադրբեջանը հսկայական պետություն է, շատ զորավոր և այլն: Ադրբեջանի հիմքերը շատ խախուտ են՝ միանձնյա ավազակապետություն է իր արբանյակներով, ասինքն՝ գործներս հսկայի հետ չէ, որ ասենք՝անհույս է, կատարյալ անզոր ենք, անելիք չկա, ճակատագիր է, Ղարաբաղն էլ պետք է մոռանանք, այդ էլ պետք է մոռանանք: Դրան համաձայն չեմ», - եզրափակեց Ստեփան Աստուրյանը:

Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգը «Հայաստանի դեմ պատերազմի շարունակությունն է»
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

XS
SM
MD
LG