Մատչելիության հղումներ

Բաքուն պահանջում է Սյունիքով ճանապարհ՝ առանց մաքսային հսկողության. Հայաստանը պնդում է ճանապարհների ինքնիշխանության սկզբունքը


Ի՞նչ բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ, ինչի մասին «Ազատությանը» տված հարցազրույցում խոսեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Արդյո՞ք Բաքուն կրկին պնդում է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու գաղափարը, որի շուրջ էլ բանավեճը շարունակվում է։ Հայաստանի արտգործնախարարությունն այս հարցերն առայժմ անպատասխան է թողել։

Նախօրեին Շառլ Միշելն ասել էր, որ թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։

«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ, Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամ վստահեցրել է, թե տարածքային որևէ պահանջ չունի Հայաստանի նկատմամբ, բայց Նախիջևանին կապվելու եղանակների շուրջ բանավեճ կա, և պետք է վստահ լինել, որ այդ եղանակները հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»։

Թեև Շառլ Միշելը փակագծեր չի բացել, բայց օրերս Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի մասին խոսել էր Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, որ այն պետք է հեշտացված ռեժիմով գործի։

«Ինչպես ասել եմ վարչապետ Փաշինյանին, որ պետք է լինի ճանապարհ Ադրբեջանից դեպի Ադրբեջան առանց մաքսային հսկողության, առանց ստուգումների, առանց սահմանային անվտանգության, և դա մեր օրինական իրավունքն է», - ասել էր Ալիևը, միաժամանակ մեղադրել վարչապետ Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չկատարելու համար՝ չանդրադառնալով Ադրբեջանի չկատարած պարտավորություններին։

«Հիմա երբ Փաշինյանը չի ցանկանում ոչ այդ ճանապարհը, և ոչ էլ ռուսների ներգրավվածությունը, բայց դա իր պարտավորությունն է, ի՞նչ կարող ենք մենք անել .. արդեն հոգնել եմ ասելուց, որ մենք այն ուժով վերցնելու մտադրություն չունենք։ Մենք համաձայնեցինք իրանական կողմի հետ կառուցել ճանապարհը, այո, դա ավելի թան կարժենա, բայց դա այլընտրանք է, և շինարարությունն արդեն սկսել է։ Հայաստանը շատ բան է կորցնում», - հայտարարել էր նա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է՝ «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները»։

Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են հաղորդակցության ուղիները պետք է ապաշրջափակվեն՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Ազգային անվտանգության ծառայությունում էլ արդեն հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը պետք է ապահովի ճանապարհների և երկաթգծերի անվտանգությունը։

Շառլ Միշելը պատասխանել է Բաքվից պարբերաբար հնչող մեղադրանքներին. Արմեն Խաչատրյան

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը կարծում է՝ ճանապարհի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունների մասին խոսելիս Եվրոպական խորհրդի նախագահը պատասխանել է Բաքվից պարբերաբար հնչող այն մեղադրանքներին, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները և ճանապարհ չի տրամադրում Ադրբեջանին։ Միշելն, ըստ իշխանական պատգամավորի, հստակ արձանագրել է՝ խնդիրը Ադբեջանի դաշտում է։

«Իրականում առիթը բաց չեն թողնում բոլոր տեղերում ասելու, որ Հայաստանը ոչ կառուցողական է, ճանապարհ չտվեց, դե մենք էլ սենց և այլն։ Բայց Շառլ Միշելն այդ հարցին պատասխանեց, որ Հայաստանի կողմից ճանապարհը չտրամադրելու հարցը պայմանավորված է եղել այդ կասկածներով և երաշխիքների հստակ բացակայությամբ, որ այդ ճանապարհը լինելու է լիակատար Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Շառլ Միշելն այդ հարցին է պատասխանել և հստակ մեսիջ է տվել միջազգային հանրությանը, որ Հայաստանը խաղաղության ընթացքին ուղղված որևէ ոչ կառուցողական գործողություններ չունի արած», - նշեց նա։

Ալիևը փորձում է ստանալ իր համար նպաստավոր ռեժիմ. Արթուր Խաչատրյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ բանավեճը, որի մասին խոսում է Շառլ Միշելը, վերաբերում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի կապող ճանապարհի ռեժիմին, այսինքն՝ Իլհամ Ալիևը փորձում է ստանալ իր համար նպաստավոր ռեժիմ, որը կտարբերվի Հայաստանի ազգային ռեժիմից։

«Փաշինյանն իր այդ խայտառակ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով ճանապարհն արդեն տվել է, ավելին՝ Ալիևը և Էրդողանը ճնշել են, Փաշինյանն այդ ճանապարհը տվել է, և որպեսզի կարողանա հասարակությանն այդ ճանապարհը, այդ գաղափարը հրամցնել, ասում է, որ դա իմ գաղափարն է, դա եկամուտ կապահովի և այլն», - ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ բանավեճի մասին է Շառլ Միշելը խոսում, պատգամավորը պատասխանեց. - «Ռեժիմի, գնացքը, որ Սյունիքի արևելքից մտնելու է և արևմուտքով դուրս է գալու, ինչ իրավական ռեժիմի պիտի ենթարկվի, այնպես որ Ալիևն այսօր հրապարակավ չի պահանջում ճանապարհ, քանի որ հրապարակավ Փաշինյանն արդեն տվել է համաձայնությունը, շրջանառվում է այդ փաստաթուղթը։ Հիմա Ադրբեջանը չի բավարարվում միայն ճանապարհով, պահանջում է ճանապարհի նկատմամբ առնվազն իր համար ավելի բարենպաստ ռեժիմ, որը կտարբերվի մեր ազգային ռեժիմից կամ այդ ճանապարհի նկատմամբ սուվերեն իրավունք»։

Պատերազմից երեք տարի անց էլ ճանապարհների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության գործընթացի ամենակնճռոտ հարցերից մեկը։ Հայաստանը վերջերս առաջ է մղում խաղաղության խաչմերուկը, որի հիմնական սկզբունքներից մեկը ճանապարհների նկատմամբ երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունն է։

XS
SM
MD
LG