Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն հերքում են Մարուքյանին․ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա


Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունից ժամեր անց, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից պնդեցին՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

Բաքուն ժամեր անց պնդեց, թե արտգործնախարարների հաջորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ դեռևս չկա պայմանավորվածություն, Հայաստանի արտաքին գերատեսչությանը հարցրել էինք՝ արդյոք եղե՞լ է կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է։ Խոսնակ Անի Բադալյանն արձագանքեց՝ եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, տեղեկացնում են։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր՝ Բաքուն ընդունել է հունվարին Միացյալ Նահանգներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հրավերը:

«Հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն՝ այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չէին էլ դադարել, Բրյուսելում՝ լիդերների հանդիպումները, Միացյալ Նահանգներում՝ արտգործնախարարների կազմի: Հիմա եթե լիդերների հանդիպում կարող է լինել մինչև արտգործնախարարների հանդիպումը, ընդհանուր սկզբունքները կարող են համաձայնեցվել, որն արտգործնախարարների պատվիրակությունների մակարդակում կիմպլեմենտացվի պայմանագրի մեջ կամ խմբերը կհանդիպեն, հետո լիդերները կհանդիպեն», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել էր՝ իրենք աշխատում են հանդիպման կազմակերպման համար։ Վարչապետի աշխատակազմից փոխանցեցին՝ երբ լինի պայմանավորվածություն, կտեղեկացնեն։

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո՝ մոտ 3 ամիս, հայ-ադրբեջանական բանակցություններն, ըստ էության, փակուղի են մտել։ Երկու անգամ Իլհամ Ալիևը եվրոպական հարթակներում չեղարկեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, որի առանցքում պետք է խաղաղության պայմանագիրը լիներ։ Բաքուն տապալեց նաև Վաշինգտոնում նոյեմբերի վերջին նախատեսված արտգործնախարարների հանդիպումը՝ Միացյալ Նահանգներին համարելով կողմնակալ միջնորդ։

Բայց հնարավոր հանդիպման մասին Երևանի հայտարարություններից հետո թվում էր՝ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի Բաքու այցից հետո սառույցը կոտրվում է։

Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանն անգամ պայմանավորվածության պարագայում չի բացառում, որ Ադրբեջանն ինչ-ինչ պատճառաբանությամբ չեղարկի բանակցությունները։ Իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, գլուխ գան, քաղաքագետի կարծիքով, բացառապես Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո արևմտյան ճնշման արդյունքում։

«Բոյկոտելու ժամանակամիջոցը Ադրբեջանն օգտագործեց իր հեղինակությունը փոքր-ինչ բարելավելու համար, մենք այսօր խոսում ենք նրա մասին, որ երկու կալանավորի դիմաց Հայաստանը փոխանակեց 32-ին, բայց իրականում դա ոչ այնքան 2-ը 32-ի, այլ՝ 32-ը 100 հազարի դիմաց փոխանակում կարող ենք համարել: Այս քայլը նաև ուղղված էր Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումը փոքր-ինչ թեթևացնելու, ինչ-որ կառուցողականության պատկեր ստեղծելու, որն ավելի լավ ֆոն կտա բանակցությունների համար», - ասաց Սուքիասյանը:

Հայաստանցի պաշտոնյաները ուղիղ չեն ասում, որ արցախցիների իրավունքների հարցը բանակցային օրակարգում չէ։ Հիմնականում շեշտում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Խորհրդային միության վերջին քարտեզներով սահմանազատման և ինքնիշխանության հարգմամբ տարածաշրջանային ապաշրջափակման սկզբունքները։ Երեկ արտգործնախարար Միրզոյանն ասում էր՝ խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ցույց տա իր հավատարմությունը դրանց։

Եթե բանակցությունները վերսկսեն, Երևանը կարո՞ղ է իր ցանկալի հունով դրանք տանել, ու խաղաղության պայմանագիրը այդ սկզբունքներով կնքել, թե՞ Ադրբեջանն, անգամ միջազգային ճնշման տակ, տեղի չի տա ու իր պահանջները առաջ կմղի, հարցրինք քաղաքագետին:

«Թուղթը չի ապահովելու խաղաղություն, խաղաղություն ապահովելու են ռեալ միտումները, որոնց նշաններն այս պահին Բաքվի կողմից չկան, անգամ եթե լինեն միջազգային դերակատարներ, պետություններ, գերտերություններ, ատոմային տերություններ, որոնք տան այդ երաշխիքները, նույնպես այսօր գահավիժող նորմերի աշխարհում չի տալիս որևէ երաշխիք, Ուկրաինան նույնպես ուներ նման երաշխիք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից, բայց դրանք գործում են այնքան, ինչքան գործում են», - նշեց Նարեկ Սուքիասյանը:

Մինչ հանդիպումների հեռանկարը շարունակում է մշուշոտ լինել, Բաքուն նորից նույն թեզը՝ բանակցություններին իր սերտ դաշնակից Թուրքիայի մասնակցության հարցն է առաջ քաշում՝ պնդելով, թե «դա Երևանի համար օգտակար կլինի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG