Մատչելիության հղումներ

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնությունն այսօր կրկին կփորձի բողոքի ակցիա իրականացնել, վրան տեղադրել


Լուսանկարը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող նորաստեղծ «Զանգ» նախաձեռնությունը, որի 8 անդամ երեկ իրազեկման ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց, այսօր պատրաստվում է երեկոյան նորից փողոց դուրս գալ նույն պահանջով։

Միջադեպը ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև երեկ տեղի է ունեցել Սարյան փողոցում, երբ իրավապահները թույլ չէին տվել վրանը ձեռքին քայլել փողոցով։

Կադրերում երևում է, որ ակցիայի մասնակիցներն անգամ ժամանակ չունեին փողոցից մայթ տեղափոխվել, քանի որ ոստիկաններից մեկը հրահանգեց բոլորին բերման ենթարկել, այդ թվում՝ վրանը։

«Զանգ» նախաձեռնության անդամներից են նաև արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամներ Միքայել Նահապետյանն ու Սուրեն Սահակյանը։

Ոստիկանները բերման են ենթարկում Սուրեն Սահակյանին, լուսանկարը՝ «Զանգ»-ի ֆեյսբուքյան էջից
Ոստիկանները բերման են ենթարկում Սուրեն Սահակյանին, լուսանկարը՝ «Զանգ»-ի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի նախագահը շարունակում է օրակարգում պահել այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, զգուշացնում է Նահապետյանը

Ուշ երեկոյան ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո Նահապետյանը ֆեյսբուքյան հեռարձակմամբ տեղեկացրեց՝ ակցիայի միջոցով հերթական անգամ իրենց մտահոգություն են հայտնել երկրի անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Այսօր էլ «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է օրակարգում պահել այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

«Երբ մենք «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքի մասին խոսում էինք գարնանը, մեզ գժի տեղ էին դնում, երբ որ դրա մասին լրագրողը հարց էր տալիս հուլիսին, ասում էին՝ դուք ադրբեջանական նարատիվ եք տարածում, ու ասում էին՝ դա հայելային նարատիվ է, որ մենք Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության օրակարգից հրաժարվենք, Ադրբեջանն էլ դրանից է հրաժարվելու։ Մենք ասում էինք՝ չկա տենց բան, Ադրբեջանը երբեք իր օրակարգերից չի հրաժարվելու, դա նշանակում է, որ Հայաստանը վերածելու են արևմտյան Ադրբեջանի կառավարության լուռ հայացքի ներքո», - ասաց նա։

Վարչապետ Փաշինյանը ադրբեջանցիների՝ Երևան ու Սյունիք վերադառնալու այս ծրագիրը Հայաստանի դեմ «նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն» է որակել։ Բաքվից մինչդեռ պնդում են՝ նման ծրագիր չունեն և ադրբեջանցիների վերադարձով ցանկանում են պատմական արդարությունը վերականգնել։

Արցախից հետո հաջորդ հարվածը Հայաստանի վրա է լինելու. Տաթևիկ Հայրապետյան

Արևմտյան Ադրբեջանի մասին ահազանգող «Զանգ» նախաձեռությանն է միացել նաև վարչապետի նախկին թիմակից, նախկին իշխանական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, որ երեկ իր ելույթում պնդեց՝ «Արցախից հետո հաջորդ հարվածը Հայաստանի վրա է լինելու»։

«Վերջը ինչ-որ մեկն էլ այդ կապիտուլյացիայի թուղթն է վերջնական ստորագրելու։ Ինձ թվում է՝ բոլորիս էլ պարզ է, որ իշխանության մնացող Նիկոլ Փաշինյանն էլ հակված է դա անել, այսինքն՝ ի՞նչ պետք է անենք, սպասենք, վատ լինի, բարկացած դո՞ւրս գանք փողոց», - ասել էր նա։

Ժողովրդավարական երկրում ազատ են մարդիկ իրենց պահանջները ներկայացնել. իշխանության արձագանքը

Ժողովրդավարական երկրում մարդիկ ազատ են իրենց պահանջները ներկայացնել, իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն է արձագանքում նորաստեղծ շարժման բարձրացրած մտահոգություններին՝ ընդգծելով՝ ի վերջո ընտրությունների միջոցով է պարզվում՝ ժողովուրդն ինչ է ուզում։

«Ուժեր կան, որ ամեն շաբաթ հավաքներ են անում Երևանում, և որևէ արտառոց բան այդտեղ չկա։ Եթե հասարակական կարգի խախտումներ կան, այդ համապատասխան վերաբերմունքն է արժանանում իրավապահ մարմինների կողմից, եթե խախտումներ չկան, և բերման են ենթարկում, ես դա ոչ միայն չեմ ողջունում, այլև դատապարտում եմ, և միայն օրենքի տառը չի այստեղ կարևոր, այլև՝ օրենքի ոգին։ Դա մեզ ուժեղացնում է որպես պետություն, ըստ էության», - ասաց նա։

Իրատեսական է արդյոք, որ այս նոր ու փոքրաթիվ նախաձեռնությանը կհաջողվի հասնել իր նպատակին՝ հաշվի առնելով խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ընդդիմադիր այլ ուժերի ձախողված փորձերը, «Զանգ» շարժումում կարծում են, որ իրենց ասածը հստակ է՝ վտանգված է Հայաստանի լինել-չլինելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG