Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2023». այս պահի դրությամբ հանգանակվել է 8,4 մլն դոլար


Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Հիմնադրամը՝ հավելելով, որ դրամահավաք-միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

Հաղորդագրության համաձայն՝ «Հեռուստամարաթոն 2023»-ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552 հազար 372 դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է 3 միլիոն 250 հազար դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3 մլն 100 հազար դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450 հազար դոլար, Արգենտինայի տեղական մարմինը՝ 160 հազար 690 դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել Նիդերլանդներից՝ 100 հազար դոլար, Բրազիլիայից՝ 92 հազար դոլար, Գերմանիայից՝ 66 հազար 400 դոլար, Շվեյցարիայից՝ 50 հազար դոլար, Ավստրալիայից՝ 27 հազար դոլար, Ավստրիայից՝ 25 հազար 900 դոլար, Ռումինիայից՝ 4 հազար 360 դոլար։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը», - ասված է հաղորդագրությունում:

«Շնորհակալ ենք մեր տեղական մարմիններին, բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ կբարելավվի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը», - հայտարարում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

XS
SM
MD
LG