Մատչելիության հղումներ

Նախագահ. «Հայաստան» հիմնադրամը պետք է ամեն ինչ անի վստահությունը վերականգնելու համար


Երևանում ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավով է խոսել անվստահության խոսակցությունների ու արձագանքների համար:

«Ակնկալում եմ, որ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը», - ասել է նա` հավելելով, թե հիմնադրամը պետք է ամեն ինչ անի՝ վստահությունը վերականգնելու համար:

Մյուս կողմից, նա շեշտել է հիմնադրամի արդիականացման հարցը. «Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպական նոր մոդելներ»:

Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետը, նախագահը, Արցախի նախագահը և այլք, հաղորդում է կառավարությունը:

Պատերազմի օրերին համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Սարգսյանը աուդիտ պահանջեց։

Այսօրվա նիստի ընթացքում աուդիտորական ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն եզրակացությունը, իսկ հոգաբարձուների խորհուրդը կտա իր գնահատականը։

«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին հավաքվել է 12 մլն 351 հազար դոլար։

XS
SM
MD
LG