Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին արտերկրից նվիրաբերվել է12 մլն 351 հազար դոլար


«Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնին հավաքվել է 12 մլն 351 հազար դոլար։

«Որից 7,8 միլիոնը և մի քիչ ավելը Միացյալ Նահանգներում։ Ֆրանսիան էլի աննախադեպ արդյունք ցույց տվեց, խոսքը գնում է մոտավորապես 4 միլիոն դոլարի մասին, որի մի մասը կտակներ էին։ Եվ Կանադան՝ Տորոնտոյի մեր տեղական մարմինը 500 հազար դոլար է հայտարարել», - ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով, առայժմ հստակ չէ, թե որքան գումար է Հայաստանից փոխանցվել։

Հեռուստամարաթոնն այս տարի այլ ձևաչափով տեղի ունեցավ։ Հայկակ Արշամյանն ասում է՝ ավելի քան 2 ժամանոց ֆիլմ ցուցադրեցին ու նվիրատուներին ներկայացրին, թե 2020-21 թվականներին ինչ ծրագրեր են իրականացրել. - «Աննախադեպ գումարներ էինք ստացել անցած տարվա ընթացքում։ Որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի շեշտը դնել հիմնականում հաշվետվողականության վրա, ներկայացնել մեր նվիրատուներին, թե մենք ինչքան գործ ենք արել»։

2019-ի հեռուստամարաթոնի ընթացքում, օրինակ, հավաքագրվել էր ավելի քան 10, 2018-ին՝ 11, 2017-ին՝ 12, 2016-ին՝ ավելի քան 15 մլն դոլարի նվիրատվություն։

Իսկ անցած տարվա հեռուստամարաթոնին գրեթե 23 մլն դոլար էր հավաքագրվել։ Այսպիսի մեծ թիվը պայմանավորված էր հետպատրեազական իրավիճակով։ Նշվում էր, որ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը:

Իսկ պատերազմի օրերին համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ պահանջեց։

Վերջերս խորհրդարանում ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծվեց հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Վաղը տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում աուդիտորական ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն եզրակացությունը, իսկ հոգաբարձուների խորհուրդը կտա իր գնահատականը։

«Օրակարգի առաջին հարցը զեկուցումն է այն աշխատանքի, որը հոգաբարձուների խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովը զեկույցի տեսքով ներկայացրեց հոգաբարձուների խորհրդին։ Նաև մեր աուդիտորը ներկա կլինի։ Այսինքն՝ զուտ զեկույցներ են լինելու, և հոգաբարձուների խորհուրդը այդ զեկույցները լսելու է և դրա հիման վրա եզրահանգման կգա։ Մնացած հարցերը հիմնադրամի կազմակերպչական հարցերի հետ են կապված»։

Երկրորդ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ հաշվի առնելով Ազգային ժողովում հիմնադրամի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը, գրություն է ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ աուդիտի քննարկումը հետաձգելու առաջարկով, բայց արձագանք չի եղել։

Քոչարյանը որոշել է չմասնակցել վաղվա նիստին՝ պնդելով. - «Նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի այս խոշորագույն համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը»:

Երկրորդ նախագահից բացի ներկա չեն լինելու նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը (նիստին կաթողիկոսի ներկայացուցիչը կմասնակցի)։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին։ Նրանք հոգաբարձուների խորհրդի անդամներ չեն։

Հիմնադրամից «Ազատությանը» հայտնեցին, որ առաջին և երրորդ նախագահները մերժել են հրավերը, իսկ Բակո Սահակյանը ընդհանրապես չի արձագանքնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG