Մատչելիության հղումներ

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում. Վահագն Խաչատրյան


Երևանում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք:

Վահագն Խաչատրյանն իր խոսքում նշել է, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը ջանք ու եռանդ պետք է չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից՝ ընդգծելով՝ Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն:

«Նաև այս պատճառով բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը: Այս նպատակի կյանքի կոչման համար ես նաև ակնկալում եմ, որ մինչև ընթացիկ ամսվա վերջ պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները», - նշել է նախագահը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանադակությամբ, ոչ էլ կազմակերպական ձևով, ու նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունը անբասիր պահելուն», նաև ընդգծել է Վահագն Խաչատրյանը:

Արցախի նախագահի աշխատակազմից էլ հաղորդում են, որ ելույթով հանդես է եկել Արայիկ Հարությունյանը: Նա իր խոսքում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծելով, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը:

2021 թվականի նոյեմբերին անցկացված «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին հավաքվել էր 12 մլն 351 հազար դոլար։

Այս տարի լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG