ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Իսրայելի և «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) միջև հակամարտության վերաբերյալ առաջին բանաձևը՝ Մալթայի տարբերակը։
Բանաձևով կոչ է արվում «անհապաղ երկարատև հումանիտար դադարներ իրականացնել և ընդլայնված մարդասիրական միջանցքներ հիմնել Գազայի ողջ հատվածում՝ ապահովելու ՄԱԿ-ի գործակալությունների և նրանց գործընկերների համար մարդասիրական անվտանգ և անարգել մուտք և դյուրացնելու ապրանքների, այդ թվում՝ ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և բժշկական պարագաների շարունակական առաքումը տարածք»:
Միաժամանակ, ըստ բանաձևի, կողմերը պետք է ձեռնպահ մնան Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը տարրական ծառայություններ և հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունից զրկելուց։ Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են նաև մարդասիրական մատակարարումների ավելացման անհրաժեշտության մասին։
Նրանք կոչ են արել շտապ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել, այդ թվում՝ վնասված և ավերված շենքերում անհետ կորած երեխաներին, հիվանդներին, վիրավորներին հայտնաբերելու և տարհանելու համար։
Բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել «Համասի»-ի և այլ խմբերի պատանդներին, հատկապես երեխաներին:
Սա Անվտանգության խորհրդի ընդունված առաջին բանաձևն է՝ կապված ծայրահեղական «Համաս»-ի և Իսրայելի պարտերազմի սրման հետ, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի»-ի զինյալների հարձակմամբ։
Մինչ այս, Անվտանգության խորհրդում արդեն քվեարկության էին դրվել բանաձևերի մի քանի տարբերակներ, սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունվել։ Մասնավորապես, ԱՄՆ-ը վետո է դրել բանաձևի բրազիլական տարբերակի վրա, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԱՄՆ-ի առաջարկած նախագծի վրա։
Իսրայելը կրկնել է, որ քանի դեռ «Համասը»-ը շարունակում է պատանդներ պահել, հումանիտար զինադադարի կոչերն անտեղի են։
«Իսրայելը կշարունակի գործել այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ը չի ոչնչացվել, իսկ պատանդները վերադարձվել», - ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի հարձակման արդյունքում զոհվել է մոտ 1200 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, մոտ 240 մարդ պատանդ է վերցվել։ Այս հարձակումից հետո Իսրայելը հայտարարեց պատերազմական դրություն՝ և սկսեց պատասխան գործողություններ Գազայի հատվածում, որի ընթացքում, ըստ «Համաս»-ի առողջապահության նախարարության, սպանվել է ավելի քան 11 հազար 200 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ Անկախ աղբյուրները չեն կարող ստուգել «Համաս»-ի կառույցների հրապարակած տվյալների արժանահավատությունը: