Մատչելիության հղումներ

Իսրայելը հաղորդում է Գազայում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանի, կառավարության շենքերը գրավելու մասին


Գազայի հատված - Խան Յունիսում շենքին իսրայելական ուժերի հասցրած հարվածից հետո մարդիկ լքել են իրենց տները, 14-ը նոյեմբերի, 2023թ.
Գազայի հատված - Խան Յունիսում շենքին իսրայելական ուժերի հասցրած հարվածից հետո մարդիկ լքել են իրենց տները, 14-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելական բանակն այսօր հայտարարել է, թե գրավել է Գազա քաղաքում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանը, կառավարության շենքը և պաշտոնական այլ շինություններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ ահազանգում է՝ Գազայի ամենամեծ հիվանդանոցը՝ «Ալ-Շիֆա»-ն, դարձել է «գրեթե գերեզմանոց», որտեղ դիակները կուտակվում են շենքի ներսում և դրսում, հազարավոր մարդիկ զրկված են էլեկտրաէներգիայից ու ջրից։

Վառելիքի սղության պատճառով բժիշկները ստիպված են եղել ինկուբատորներից հանել վաղաժամ ծնված երեխաներին, որոնք այժմ գտնվում են մահվան վտանգի տակ։

«Երեխաներն ինտենսիվ խնամքի կարիք ունեն: Նրանցից ոմանք շտապ օգնության սենյակում անկողինների վրա են, քանի որ ինտենսիվ թերապիայի համար հասանելի տեղեր չկան», - ասում է մի պաղեստինցի բժիշկ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հորդորել է Իսրայելին ապահովել վերջին օրերին ինտենսիվ մարտերի թիրախում հայտնված հիվանդանոցի անվտանգությունը:

Իսրայելի կառավարությունը, մինչդեռ, պնդում է, թե հիվանդանոցը ռազմադաշտի է վերածել «Համաս»-ը, որը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից դասվում է ահաբեկչական խմբավորումների շարքում։ Ըստ իսրայելական բանակի, «Համաս»-ի զինյալները միտումնավոր ռազմական ենթակառուցվածքները տեղակայել են հիվանդանոցի մերձակայքում՝ հիվանդներին և բժիշկներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար:

Տեղի բնակիչներն էլ պատմում են, որ հիվանդանոցը միակ համեմատաբար ապահով տեղն էր արդեն վեց շաբաթ շարունակվող պատերազմում: «Ալ-Շիֆա»-ն ապահով վայր էր, որտեղ մենք կարող էինք թաքնվել: Հիմա մենք ապահով տեղ չունենք։ Երբ տեսանք, որ ռմբակոծությունն ուժեղացել է, փախանք։ Մեռնելու էինք, ես ու երեխաներս փախանք», - պատմում է նրանցից մեկը:

Այսօր իսրայելական կողմը հաղորդեց, թե կենսական նշանակության իրեր է փորձում հասցնել պաղեստինյան հիվանդանոց, այդ թվում՝ նորածինների ինկուբատորներ։ «Համաս»-ը պնդում է՝ դեմ չէ: Իրավապաշտպանները, մինչդեռ, հայտարարում են՝ նորածինները մահանում են ոչ թե ինկուբատորների, այլ՝ վառելիքի բացակայության պատճառով, հորդորելով ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել։

Զուգահեռ, իսրայելցիներն էլ հաղորդում են սեփական բնակավայրերի ռմբակոծման մասին: Երեկ կրկին «Համաս»-ի թիրախում է եղել Գազայից քիչ հեռու գտնվող Աշկելոն քաղաքը, երկու մարդ վիրավորվել է:

«Երեխաները սթրեսի ենթարկվեցին լացից և դրամայից. մենք վերադարձանք հենց երեկ՝ մեկ ամիս Երուսաղեմում մնալուց հետո, Երուսաղեմի մոտ՝ «Նովոս» հյուրանոցում, և փառք Աստծո, մենք բոլորս լավ ենք, մի փոքր ցնցված, ծիծաղում և լաց ենք լինում: Բայց մենք հաղթելու ենք», - ասում է մի իսրայելցի:

Իսրայել - «Համաս»-ի կողմից հրթիռակոծության հետևանքները Աշկելոնում, 14-ը նոյեմբերի, 2023թ.
Իսրայել - «Համաս»-ի կողմից հրթիռակոծության հետևանքները Աշկելոնում, 14-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելը շարունակում է պնդել, որ մեկուկես ամիս շարունակվող պատերազմը չի դադարի, քանի դեռ «Համաս»-ի կողմից պահվող բոլոր պատանդները ազատ չեն արձակվել։ Նախօրեին հաստատվել է, որ նրանցից մեկը՝ իսրայելական բանակի հետախույզ, 19-ամյա Նոա Մարչիանոն, սպանվել է «Համաս»-ի կողմից։ Ընդհանուր՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո «Համաս»-ը 240 մարդ է պատանդառել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների 9 քաղաքացու, որոնց մինչ օրս հնարավոր չի եղել ազատ արձակել։

Այսօր Վաշինգտոնը հայտարարեց, թե Մեծ Բրիտանիայի հետ համատեղ պատժամիջոցների երրորդ փաթեթն է սահմանում «Համաս»-ի դեմ՝ «սև ցուցակ» մտցնելով խմբավորման առաջնորդներին ու ֆինանսավորողներին:

XS
SM
MD
LG