Մատչելիության հղումներ

Թագուհի Ռանիա. «Նույնիսկ եթե սպանեն «Համաս»-ի բոլոր զինյալներին, հարցը չի լուծվի»


Գազայի հատված - Պաղեստինցիները հուղարկավորում են զոհերին, 6-ը նոյեմբերի, 2023թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները հուղարկավորում են զոհերին, 6-ը նոյեմբերի, 2023թ.

Գազայի բժիշկները մարդասիրական հրադադար են պահանջում

Գազան շարունակ հրթիռակոծվում և ռմբահարվում է: Վաղը լրանում է Իսրայելի և «Համաս»-ի պատերազմի մեկնարկի առաջին ամիսը:

Գազայի հատվածում զոհերի թիվը նոյեմբերի 6-ի առավոտյան դրությամբ հասել է 10 հազար 22-ի՝ ներառյալ առնվազն 4 հազար 104 երեխաներ: Այդ մասին՝ հղում անելով տեղական պաղեստինյան առողջապահական ծառայություններին, հաղորդել է Al Jazeera արաբական հեռուտակայանը: Վիրավորների թիվը մոտ 25 հազար է:

Անկախ աղբյուրները չեն կարող այս պահին ստուգել պաղեստինցի պաշտոնյաների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

Պաղեստինցիներն ասում են, թե Գազայի առողջապահական համակարգը գործնականում ավերված է, և ողջ մնացած բուժանձնակազմն այլևս ի զորու չէ լիարժեք օգնություն ցույց տալ տուժածներին:

Գազայի բժիշկները միջազգային համայնքին կոչ են անում պահանջել Իսրայելից մարդասիրական հրադադար հայտարարել, ինչը թույլ կտա դուրս հանել ծանր վիրավորներին, պարեն, ջուր և դեղորայք հասցնել Գազայի հատված: Վիճակը հիրավի օրհասական է:

Երեխաներն անունները գրում են մարմիններին, որ դիակները նույնականացվեն

Այն ներկայացնելով Ռամալահում՝ Պաղեստինի կառավարության նիստում, վարչապետ Մոհամեդ Շտայենը չի դիմացել և լաց է եղել, երբ պատմել է, թե ինչպես Գազայում երեխաներն իրենց մարմինների վրա գրում են անունները, որ ռմբահարվելուց հետո հնարավոր լինի նույնականացնել դիակները:

«Ողորմություն նահատակների հոգիներին և ամոթ հանցագործներին», - մի կերպ զսպելով լացն ասել է վարչապետը:

Իսրայելի զոհերի թիվը մոտ 1400 է, բացի այդ, ավելի քան 240 իսրայելցիներ պատանդառվել են:

Մերձավորարևելյան այս հրդեհը մարելու և ամբողջ աշխարհում հակաիսրայելյան տրամադրությունների սրընթաց աճը զսպելու համար նորից տարածաշրջան է այցելել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը: Երեկ նա բանակցել է Իրաքում, ապա ուշ երեկոյան մեկնել է Անկարա:

«Ապտակի հետ համեմատելի բողոք»

Նրա այցից առաջ Ինջիրլիքում՝ Թուրքիայում ամերիկյան ռազմակայանի մոտակայքում բողոքի ցույց է տեղի ունեցել, հարյուրավոր վրդովված մարդիկ փորձել են ներխուժել ռազմակայան, սակայն իրավապահները դա կանխել են:

Բլինքենին ընդգծված սառնությամբ են դիմավորել Անկարայում, որտեղ օդակայանում թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել, իսկ բարձրաստիճան հյուրերի սրահի լույսը միացված չի եղել: Նրան դիմավորել են միայն Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը, Անկարայի փոխնահանգապետը և արտաքին գործերի նախարարության մի ներկայացուցիչ։ «Աքշամ» օրաթերթի փոխանցմամբ, «այդպիսի բան Թուրքիայում չէր եղել, դա ապտակի հետ համեմատելի բողոք էր»:

Բլինքենն այսօր բանակցել է թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Այսօր էլ է բողոքի ակցիա եղել:

«Մարդասպան Բլինքեն, չքվի՛ր այստեղից», - վանկարկել են պաղեստինամետ թուրք ցուցարարները: «Ամերիկան լռում է, երբ Գազայում երեխաների կոտորած է», - ազդարարել է նրանց բերած պաստառներից մեկը:

Բլինքենը շարունակում է շրջագայությունը, որի միակ առաքելությունն է փորձել նպաստել պատերազմի դադարեցմանը և հավատացնել, որ Վաշինգտոնն ամեն ինչ անում է մարդասիրական հրադադարի կայացման համար: Անկարայից հեռանալուց առաջ նա ասել է, որ Ֆիդանի հետ քննարկել է Գազայի ճգնաժամը, մարդկանց օգնություն հասցնելու և հակամարտության տարածումը կանխելու հարցերը:

«Մենք քննարկել ենք իսրայելցիների և պաղեստինցիների միջև հարատև, հուսալի խաղաղության հաստատման հնարավորությունները», - նշել է Բլինքենը:

Այսօր պետք է գումարվի ՄԱԿ-ի ԱԽ դռնփակ նիստ

Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հայտով այսօր Նյու Յորքում պետք է գումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դռնփակ նիստ, որը պետք է քննարկի այս պատերազմի դադարեցման հնարավորությունը:

Անդրադարձ կլինի Գազայի հատվածի հյուսիսում պաղեստինցի փախստականների Ջեբալիա անվամբ ճամբարի և Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապօգնության մեքենաների շարասյան վրա հարձակումներին, որոնք կարող են որակվել որպես պատերազմի կանոնների խախտում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը նոյեմբերի 1-ից հերթագայության կարգով անցել է Չինաստանին, և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը վստահություն է հայտնել, որ այս ամսվա ընթացքում, ենթադրաբար՝ նոյեմբերի 28-ին, Անվտանգության խորհրդում տեղի կունենա բաց հանդիպում Մերձավոր Արևելքի հացով:

Հոկտեմբերին Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել հակամարտության հարցով առաջարկված չորս բանաձևերի նախագծերից և ոչ մեկը: Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամները մշակում են բանաձևի իրենց տարբերակը, որում պետք է ներառվեն դրույթներ նախորդ չընդունված նախագծերից։

Իսրայելցիները ոչնչացրել են «Համաս»-ի լիդերներից Ջամալ Մուսային

Իսրայելի բանակն ամբողջությամբ շրջապատել է Գազա քաղաքը:

Ըստ բանակի մամլո ծառայության, օդային գրոհների շնորհիվ ոչնչացվել են «Համաս»-ի հատուկ օպերացիաների պատասխանատու Ջամալ Մուսան և բարձրաստիճան ևս մի քանի զինյալներ:

Հորդանանի թագուհին կոչ է անում հասկանալ պատերազմի բուն դրդապատճառը

Մինչդեռ, նախօրեին ուշագրավ կարծիք է հայտնել Հորդանանի թագուհի Ռանիան: CNN-ի թղթակցի հետ զրույցում թագուհին ասել է, թե հարկ է նախևառաջ հաշվի առնել հակամարտության խորքային դրդապատճառները:

Նրա համոզմամբ` նույնիսկ եթե հաջողվի սպանել բոլորին «Համաս»-ում, բուն խնդիրը չի վերանա:

«Այս հակամարտության արմատներն են ապօրինի օկուպացիան, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անօրինական բնակեցումները: Դուք կարող եք սպանել մարտիկին, բայց անհնար է սպանել հիմնական պատճառը», - ասել է թագուհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG