Մատչելիության հղումներ

«Լիբանանը «Հըզբոլլահ»-ի մեղքով կարող է ներքաշվել պատերազմի մեջ». Գալանտ


Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

Իսրայելի իշխանությունները ենթադրում են, որ «Հըզբոլլահ» շիա մահմեդականների կազմակերպության գործողությունների արդյունքում Լիբանանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, և այդ դեպքում Իսրայելը պատրաստ կլինի Բեյրութում անել այն, ինչ անում է այժմ Գազայի հատվածում։ Այս նախազգուշացմամբ հանդես է եկել հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հյուսիսային սահմանի ռազմակայաններ կատարած այցի ընթացքում:

«Ես այստեղ ասում եմ լիբանանցի քաղաքացիներին. ես արդեն տեսնում եմ Գազայում քաղաքացիների, ովքեր սպիտակ դրոշներով քայլում են ափով և շարժվում դեպի հարավ: «Հըզբոլլահ»-ը Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ: Եթե նա [«Հըզբոլլահ»-ը] անի այդ սխալն, ապա առաջին հերթին դրա համար վճարելու են Լիբանանի բոլոր քաղաքացիները։ Ինչ մենք անում ենք Գազայում, կկարողանանք անել նաև Բեյրութում»,- սպառնացել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ սահմանին «Հըզբոլլահ»-ի կողմնակիցների զինված խմբավորումների գործողություններն արդեն դուրս են գալիս տեղական նշանակության սադրանքների շրջանակից։

Իսրայելական ուժերը, Գալանտի խոսքով, «որակյալ պատասխան» կտան, ինչը կորուստներ կպատճառի «Հըզբոլլահ»-ին:

«Մեզ չեն կարող սադրել, դա ճակատագրական սխալ կլինի, մենք գտնվում ենք լիարժեք մարտական պատրաստության մեջ, պատրաստ ենք հետ մղել ցանկացած հարված և պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է Գալանտը:

Պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ հիմա Գազայի հատվածում գործողությանը ներգրավված է Իսրայելի ռազմաօդային ուժերի մինչև 10 տոկոսը:

«Մեր օդաչուները պատրաստ նստած են իրենց օդանավերի խցիկներում, օդանավերի քթերն ուղղված են դեպի հյուսիս: Մենք ամեն ինչ ունենք հարավում գործելու համար, իսկ օդային ուժերը նայում են դեպի հյուսիս, և օդուժի հզորությունը չափազանց մեծ է»,- ավելացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

XS
SM
MD
LG