Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ Գազայում ցամաքային գործողություններից ի վեր «Համաս»-ի 130 թունել է ոչնչացրել։
«IDF մարտական ինժեներները ներկայումս աշխատում են Գազայում «Համաս»-ի ահաբեկչական ենթակառուցվածքները բացահայտելու և ոչնչացնելու ուղղությամբ, ներառյալ թունելները: Թունելների ներսում հայտնաբերված ջրի և թթվածնի պաշարները ցույց են տալիս երկարատև գետնի տակ մնալու «Համաս»-ի պատրաստության մասին», - ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունում։
«Համաս»-ը Գազայի հատվածում սարդոստայնի պես իրար միացած տասնյակ կիլոմետրերով թունելներ է կառուցել, որտեղ տեղակայված են հրամանատարական կետեր, զինապահեստներ, կապի միջոցներ։
Իսրայելը սկսեց հարվածել Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի հարձակումներից հետո, որի հետևանքով, ըստ Երուսաղեմի, զոհվեց 1400 մարդ, իսկ ավելի քան 200-ը պատանդ վերցվեց:
«Համասի» կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի պատասխան հարվածների սկսվելուց հետո Գազայում սպանվածների թիվը հասել է 10 հազար 569-ի: Անկախ աղբյուրներն այսօրվա պայմաններում չեն կարող պարզել այդ թվերի արժանահավատությունը: