Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատակից է զոհվել՝ ընտանիքի մի քանի անդամների հետ միասին, հայտնում է BBC–ին՝ վկայակոչելով MSF-ի հայտարարությունը։
Մուհամեդ Ալ Ահելը սպանվել է Շատի փախստականների ճամբարում գտնվող իր տանը, երբ տարածքը ռմբակոծվել է և շենքը փլուզվել է, ասվում է հայտարարությունում։
«Ակնհայտ է, որ Գազայում դաժան և անկանոն ռմբակոծությունների պատճառով ոչ մի տեղ ապահովված չէ։ Անհապաղ հրադադար հաստատելու մասին մեր բազմաթիվ կոչերն անպատասխան են մնացել, բայց մենք պնդում ենք, որ դա Գազայում հետագա անիմաստ մահերը կանխելու և այդ գոտի համարժեք մարդասիրական օգնություն հացնելու միակ միջոցն է», - ասված է կազմակերպության հայտարարությունում:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, (OCHA) վկայակոչելով «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալները, նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր 192 բուժաշխատող է սպանվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 16 բուժաշխատողներ են զոհվել իրենց պարտականությունները կատարելիս։