Իսրայելական բանակի առաջխաղացումը Գազայում շարունակվում է։ Երկրի Զինված ուժերն այսօր, ցամաքային գործողությունների մեկնարկի հինգերորդ օրն, առաջին անգամ լրատվամիջոցներին տրամադրեցին Գազայի հյուսիսում ընթացող փողոցային մարտերի կադրերը։
Տարածված տեսանյութերից կարելի է պատկերացում կազմել իսրայելցիների մարտավարության մասին։ Որպես կանոն, այն հետևյալ տեսքն ունի՝ ժամեր շարունակվող հրետանային հարվածներից հետո իսրայելական հետևակային ստորաբաժանումները, տանկերի և զրահապատ շինարարական տեխնիկայի ուղեկցությամբ, մուտք են գործում Գազայի բնակելի թաղամասեր՝ դանդաղորեն, շինություն առ շինություն առաջ շարժվելով։
«Համաս»-ի զինյալներն, ըստ արաբական աղբյուրների, համառ դիմադրություն են ցուցաբերում՝ հիմնականում օգտվելով տարիների ընթացքում Գազայի տարածքում ստեղծված թունելների և ստորգետնյա անցումների ցանցից։
Մարտական գործողությունների կիզակետում այժմ Գազայի տարածքում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարն է։ Վերջին 48 ժամերին իսրայելական բանակը խիտ բնակեցված այս տարածքը հրթիռակոծել է երկու անգամ, ինչի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել։
«Հաշվի առնելով Ջաբալիայի փախստականների ճամբարին՝ Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո խաղաղ բնակչության շրջանում առկա մեծաքանակ զոհերն ու ավերածությունների ծավալները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ դա ուժի ոչ համարժեք կիրառում էր, որը կարելի է հավասարեցնել ռազմական հանցագործության», - անցած գիշեր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։
Ցամաքային գործողության ծավալների ընդլայնումն ու հատկապես դրա կոշտ ընթացքը լուրջ հարցեր են առաջացնում նաև հոկտեմբերի 7-ին պատանդառված խաղաղ իսրայելցիների ճակատագրի հետ կապված։ Առավել ևս, որ պատանդների պաշտոնապես հաստատված թիվը օրեցօր աճում է։
Իսրայելի Զինված ուժերի հրամանատարությունն այսօր հայտարարեց, որ այս պահին Գազայում, «Համաս»-ի ձեռքում է գտնվում 242 պատանդ։
Ըստ արևմտյան մարդասիրական կառույցների, Հորդանան գետի արևմտյան ափին 121 խաղաղ պաղեստինցի է զոհվել
Գազայում ծավալվող զարգացումները որոշակիորեն ստվերել են այն ամենն, ինչ կատարվում է վերջին շաբաթներին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Պաղեստինյան ինքնավարությունում, որտեղ, ի տարբերություն Գազայի, «Համաս»-ը իշխանություն չունի։ Արևմտյան մարդասիրական կառույցների տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր այս շրջանում 121 խաղաղ պաղեստինցի է զոհվել՝ հիմնականում Հորդանանի հովտում կառուցված անօրինական հրեական բնակավայրերի բնակիչների ձեռքով։
Reuters-ը զրուցել է Հորդանանի արևմտյան ափի բնակիչներից մեկի՝ Մոհամադ Վադիի հետ, որի հայրն ու եղբայրը զոհվել էին հոկտեմբերի 12-ին, հրեա վերաբնակիչների կողմից սպանված ևս երեք պաղեստինցիների հուղարկավորության ժամանակ։
«Մարդիկ ուղղակի ապշած էին, երբ տեսան, որ վերաբնակիչները, իսրայելական զորքերի ու ոստիկանության հետ միասին հարձակվում են զոհված պաղեստինցիների մարմինները տեղափոխող շտապ օգնության մեքենաների վրա», - պատմում է երիտասարդը՝ հավելելով, որ եթե մինչև Գազայի ճգնաժամի սկիզբը, իրենց գյուղի արաբները կարողանում էին քիչ թե շատ հանգիստ մշակել այգիները, ապա այսօր դա գործնականում անհնարին է։
«Մոտակա բարձունքին գտնվող հրեական ավանի բնակիչները մինչև հոկտեմբերի 7-ը օդ էին կրակում, այժմ նրանք սկսել են ձիթապտղի այգիներում աշխատող գյուղացիների վրա կրակել», - ասում է պաղեստինցի երիտասարդը։
Որպես հետևանք, աճում է նաև պաղեստինցիների կողմից հրեա վերաբնակիչների դեմ հարձակումների թիվը։ Դրանցից մեկը տեղի ունեցավ հաշված ժամեր առաջ՝ Հորդանանի արևմտյան ափին գտնվող ճանապարհներից մեկի վրա։
«Սա լուրջ հարձակում էր՝ լուրջ հետևանքներով, որ տեղի ունեցավ Շավեյ Շոմրոն և Էյնավ հրեական բնակավայրերի միջև», - նշում էր Շոմրոնի տեղական խորհրդի ղեկավար Յոսի Դաղանը՝ ընդգծելով, որ միջադեպի հետևանքով մեկական իսրայելցի և պաղեստինցի է սպանվել։
Ավելի վաղ Պաղեստինի իշխանությունները հաղորդել էին, որ այսօր առավոտյան Իսրայելի բանակն արևմտյան ափում գտնվող արաբական գյուղերից մեկում երեք դեռահասի է սպանել։
Իրավիճակը լարված է նաև Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով
Իրավիճակը բավական լարված է նաև հյուսիսում՝ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով։ Իսրայելի բանակի և Լիբանանի հարավը վերահսկող «Հեզբոլա» իրանամետ խմբավորման միջև հրետանային փոխհրաձգությունները չեն դադարում։ Եթե հոկտեմբերի կեսին առավելագույն խորությունը, որով հարվածում էին կողմերը չէր գերազանցում 5 կիլոմետրն, ապա այժմ հարվածների հեռահարությունը եռապատկվել է՝ հասնելով 15 կիլոմետրի։
Չդադարող փոխադարձ հարվածների ֆոնին Իսրայելի բանակը շարունակում է նոր ուժեր կենտրոնացնել Լիբանանին հարող տարածքներում, իսկ գլխավոր հարցը՝ արդյոք «Հեզբոլա»-ն կորոշի ներքաշվել լայնածավալ պատերազմի մեջ, թե՝ ոչ, դեռևս անպատասխան է։
Չի բացառվում, որ այս ինտրիգը հանգուցալուծվի արդեն վաղը, երբ հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ Բեյրութում ծավալուն ելույթով հանդես կգա «Հեզբոլա»-ի առաջնորդ շեյխ Հասան Նասրալան։
Վաղն այս տարածաշրջանում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի կունենա՝ Մերձավոր Արևելք կժամանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Պաշտոնական Վաշինգտոնի պնդմամբ՝ ամերիկյան դիվանագիտությունը բավական դժվար խնդիր պետք է լուծի՝ մի կողմից վերահաստատի իր անվերապահ աջակցությունը Իսրայելին, մյուս կողմից փորձի նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։