Մատչելիության հղումներ

Բենյամին Նեթանյահուն մերժում է Գազայում հրադադար հաստատելու պահանջը


Գազայի Դեյր ալ-Բալահ թաղամասի բնակիչները պատրաստվում են հուղարկավորել զոհված մանուկներին, 31 հոկտեմբերի, 2023թ.
Գազայի Դեյր ալ-Բալահ թաղամասի բնակիչները պատրաստվում են հուղարկավորել զոհված մանուկներին, 31 հոկտեմբերի, 2023թ.

Զոհերի ընդհանուր թիվն անցել է 9800-ը

Անցած գիշերվանից Գազայի հատվածը ենթարկվում է կատաղի հրթիռակոծությունների և ռմբահարումների: Իսրայելը մերժում է մարդասիրական հրադադարի կոչերը և պնդում է, որ գործողությունների նպատակը «Համաս»-ի վերջնական ոչնչացումն է:

Հոկտեմբերի 7-ին մեկնարկած պատերազմի ընթացքում հոկտեմբերի 30-ի երեկոյան դրությամբ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազար 800-ը:

Իսրայելի կորուստների թիվն անցած օրերին մնում է նույնը՝ շուրջ 1400, մինչդեռ, սպանված պաղեստինցիների թիվն օրըստօրե ավելանում է:

Երեկ այն կազմել է 8 հազար 306, ներառյալ մոտ 3500 երեխա: Այդ մասին է հայտնել Գազայի հատվածում «Համաս»-ի ղեկավարած առողջապահության նախարարությունը: Հորդանանի արևմտյան ափին էլ բախումներում սպանվել է 110 պաղեստինցի:

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ ճշտել պաղեստինցիների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

ՄԱԿ-ի փոխանցմամբ, Գազայի հատվածի մոտ 2 միլիոն 300 հազար բնակիչների ավելի քան 1 միլիոն 400 հազարն անօթևան է դարձել:

Վաղ առավոտից՝ այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Գազայում հրադադար չի լինի՝ իսրայելյան ուժերը սաստկացրել են օդային գրոհները:

«Ցամաքային օպերացիան տալիս է պատանդներին վերադարձնելու հնարավորություն»

«Համաս»-ը տարածել է մի տեսահոլովակ, որում մի պատանդառված իսրայելցի կին Նեթանյահուին է մեղադրում իսրայելցիների պաշտպանությունը ձախողելու համար և պահանջում է միջոցներ ձեռնարկել, ազատել ու տուն վերադարձնել պատանդներին:

Նա, մասնավորապես, առաջարկում է պատանդառված իսրայելցիներին փոխանակել իսրայելյան բանտերում պահվող պաղեստինցի կալանավորների հետ:

Նեթանյահուն խստորեն դատապարտել է նմանօրինակ տեսահոլովակի հրապարակումը և դա անվանել է «դաժան պրոպագանդա» ու շեշտել, որ ոչ մի հրադադար չի լինի:

«Ցամաքային գործողությունն ընձեռում է հնարավորություն՝ ընդգծեմ, ոչ թե երաշխավորում է, սակայն տալիս է պատանդներին ազատելու հնարավորություն: Որովհետև «Համաս»-ը դա չի անի, քանի դեռ ճնշման չի ենթարկվի, նրանք դա պարզապես չեն անի», - ասել է Նեթանյահուն:

Իսրայելի իշխանությունների տվյալներով, պաղեստինցիների հսկողության տակ է գտնվում 239 պատանդ:

«Մենք երջանիկ ենք, մենք հրեաների հավատամքի երկիր ենք»

Երեկ իսրայելցիները կարողացել են ազատել պատանդներից մեկին՝ մի կին զինծառայողի, որին «Համաս»-ի մարտիկները գերեվարել են հարձակման առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին: Այդ կնոջ հայրենի ավանում՝ Կիրյատ Գատում բնակիչները ցնծությամբ են արձագանքել նրա ազատման մասին լուրին:

«Երջանիկ ենք, կատարյալ երջանկություն, մենք հրեաների հավատամքի երկիր ենք, մենք շատ ենք հավատում Աստծուն, մենք երջանիկ ենք, որովհետև այդ կինն ազատվել է սարսափից», - ասել է Կիրյատ Գատի բնակիչ Միրիե Հադադը:

Մինչդեռ, Գազայի հատվածի պաղեստինցիներն ամեն օր հուղարկավորում են իրենց զոհերին:

Գազա. ռումբ, որը չի կարող չպայթել

«Հորդ հրաժեշտ տուր, զավակս, մեզ ոչինչ չմնաց, նա գնացել էր հաց և վառելիք գտնելու և, մեզ ասացին, որ նահատակվել է», - ասել է Գազայի բնակիչ, որդուն կորցրած Ում Աբու Էլհգեիրը:

Անկախ այն բանից, թե երբ և ինչպես կավարտվի այս արյունալի պատերազմը, հարկ է նշել, որ Գազան հիմնադրումից ի վեր ռումբ է, որը պարբերաբար պայթում, բայց չի վերանում:

Դժբախտությունը, կարծես, ծրագրված է հենց այդ անկլավի կառուցվածքում: Այն ունի 410-ը քառակուսի կիլոմետրանոց տարածք, արևելքից Միջերկրական ծովն է, հարավից փակ սահման Եգիպտոսի հետ, հյուսիսից և արևմուտքից փակ սահման Իսրայելի հետ: Խստագույն ռեժիմ: 2 միլիոն 200 հազար բնակիչ, որոնցից 1 միլիոն 700 հազարը՝ դեռ հոկտեմբերի 7-ից առաջ են ունեցել փախստականների կարգավիճակ:

Այդ մարդկանցից ավելի քան կես միլիոնը բնակվում է 8 խոշոր ճամբարներում: Իսկ հոկտեմբերի 7-ից հետո ավելի քան 1 միլիոն 400 հազարը հեռացել են տներից և ապաստանել առանց այն էլ գերբնակեցված հարավում:

120 հազար մարդ ապրում է կացարաններում, որոնք չունեն պատուհաններ, դռներ և հուսալի տանիք:

Այս վերջին պատերազմում ոչնչացվել է 16 հազար տուն, դրան ավելացնենք 2014-ի կոնֆլիկտի ընթացքում ավերված 2200-ը: Ընդհանուր հաշվով պետք է վերակառուցել 72 հազար տուն: Լոնդոնում մեկ քառակուսի կիլոմետր տարածքում ապրում է 5700 մարդ, Գազա քաղաքում ավելի քան 9 հազար:

Ամենատարբեր դժբախտությունների էպիկենտրոն

Արդյունաբերություն չկա, միայն փոքր ձեռնարկություններ, ծառայություններ, միջազգային բարեգործական կառույցների գրասենյակներ: Ենթակառուցվածքների և դպրոցների պակաս, բարեգործական հիվանդանոցներ և պարեն բաժանող կետեր:

Գազան վերածվել է ամենատարբեր դժբախտությունների էպիկենտրոնի: Անցյալ տարի բնակիչների 45 տոկոսը գործազուրկ էր, դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է, այս տարվա պատերազմից հետո թիվը գուցե կրկնապատկվի:

Գազան նաև աշխարհում ամենաերիտասարդ բնակչությունն ունեցող տարածքներից է՝ անկլավում ապրող մարդկանց 60 տոկոսը մինչև 25 տարեկան է:

Կիսասոված, հավերժ ռմբահարվելու վտանգի տակ, ստորացված, գործազուրկ, դժբախտ և երիտասարդ մարդիկ: Այդպիսի տարածքը չի կարող չպայթել:

Բենյամին Նեթանյահուն մերժում է Գազայում հրադադար հաստատելու պահանջը
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG