Մատչելիության հղումներ

Պուտինը Ղրղըզստանում է, նաև Ալիևի հետ բանակցություններ կունենա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղըզստան։ Սա Պուտինի այս տարվա առաջին արտասահմանյան այցն է։

Այցի օրակարգն, ըստ ՏԱՍՍ-ի, հագեցած է։ Նա այսօր աշխատանքային օրը կսկսի Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ պաշտոնական հանդիպմամբ, ապա կողմերը երկկողմ փաստաթղթեր կստորագրեն ու մամուլի համար հայտարարություն կանեն։

Այսօր նախատեսված են նաև Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում կունենա նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Վաղը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորգրեն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այդ նիստին։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հավանական էր համարել, որ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին մասնակցի տեսակապով։ ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանն էլ Հայաստանը կներկայացնի արտգործնախարարի տեղակալը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ հույս էր հայտնել, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը կարող են հոկտեմբերի 12-ին հանդիպել Բիշքեկում:

XS
SM
MD
LG