Մատչելիության հղումներ

Պուտինին ուղղված նամակում Փաշինյանը «իրադրության հայկական գնահատականն է ներկայացրել»


Հայաստանն ուշադիր հետևում է իրեն առնչվող հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշել է, որ Նահանգները ձգտում է «հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արևմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի», արդյոք ՀՀ-ն փոխում է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, վարչապետը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են, ՀՀ-ն չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի, հետևաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, և ելնում է Հայաստանի պետական շահերից»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեկնաբանում է միայն իր գործընկերոջ՝ ՌԴ նախագահի հայտարարությունները։

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարը՝ նախագահը՝ իմ գործընկերն ինքն ասաց, որ խնդիրներ Հայաստանի հետ չկան, և Հայաստանի վարչապետի հետ էլ խնդիրներ չկան»։

Նա նաև որոշ փակագծեց բացեց Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի բովանդակությունից, ինչի մասին ՌԴ նախագահն էր հայտարարել. - «Ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել՝ այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում մեր 7 կամ 8 հեռախոսազրույցների ընթացքում։ Ընդհանրապես մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում, ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում»։

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ավելի վաղ վստահեցրել էր, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։

«Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG