Մատչելիության հղումներ

Ալիև. Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում բանակցել Հայաստանի հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է պետք


Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջից

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հաղորդել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար պետք է Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ:

«Այսօր մի քանի երկրներ և միջազգային որոշ կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իմ կարծիքով, այս ուղղությամբ ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող է Վրաստանը լինել», - հայտարարել է Ալիևը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում միջնորդական հնարավորություններ առաջարկելու համար:

Ալիևի խոսքով, եթե Հայաստանը համաձայնի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես «գալ Վրաստան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների համար»։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի»

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի և փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով։

«Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել, դրա ժամանակը եկել է։ Ես և Վրաստանը միշտ աջակցել ենք մեր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է», - հայտարարել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կձևավորվի։ «Տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցություն սկսել եռակողմ ձևաչափով: Հիմա եկել է այս պահը, մեծ սխալ կլինի բաց թողնել այս հնարավորությունը», - հավելել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը կարծում է, որ Բաքուն, Թբիլիսին և Երևանը կարող են հաջող եռակողմ համագործակցություն հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և փոխադարձ ներդրումները։

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունքների հասնել այս աշխատանքում։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկ անգամ՝ 2022-ի հուլիսին հանդիպել են Թբիլիսիում։

XS
SM
MD
LG