Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը և Եվրահանձնաժողովի նախագահը «վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության դատապարտումը և Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը և այն գիտակցումը, որ Հայաստանի տարածքը ներառում է։ 29 հազար 800 քկմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քկմ»։
«Մենք նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանային կապի ուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա», - ասված է Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունում։
Ընդգծելով, որ Հայաստանն ու Եվրամիությունը կապված են ընդհանուր քաղաքական արժեքներով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին հավատարմությամբ, հայտարարության հեղինակները շարունակում են, որ «այս դժվարին ժամանակներում Եվրամիությունը և Հայաստանը կանգնած են ուս-ուսի», և ԵՄ-Հայաստան հարաբերություններն առավել ամրապնդելու հանձնառություն են հայտնում։
«Ինչպես մենք քննարկել ենք շաբաթասկզբին, մեր անմիջական ուշադրության կենտրոնում է Հայաստան փախուստի դիմած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի մարդասիրական կարիքները հոգալը: Մենք քննարկեցինք, թե ինչպես ապահովել ԵՄ կողմից տրամադրվող մարդասիրական օգնության և այլ անհապաղ աջակցության առավելագույն արդյունավետությունը, որը կկազմի 10,45 միլիոն եվրո», - ասված է հայտարարությունում։
Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ հանձնաժողովը ֆինանսավորում է մոբիլիզացնում Հայաստանին իր տարեկան ծրագրից 15 միլիոն եվրո հատկացնելու համար՝ որպես բյուջետային աջակցություն։
«Երկարաժամկետ հեռանկարում, Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով մեր Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ: Մասնավորապես, Հայաստանի համար ԵՄ Տնտեսական ներդրումային պլանը (EIP) նախատեսում է մինչև 2,6 միլիարդ եվրո, որը կօգտագործվի կարևոր ենթակառուցվածքային և այլ նախագծերում ներդրումների համար։ Հանձնաժողովը և Հայաստանը կկրկնապատկեն ջանքերը կարևոր ծրագրեր իրականացնելու համար։ Հանձնաժողովը կաջակցի նաև Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը: Վերջապես, Հանձնաժողովը կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում», - նշված է հայտարարությունում։
Ֆոն դեր Լեյենը տեղեկացրել է Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։
Առաջիկա օրերին կողմերը շարունակելու են քննարկումները հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիների շուրջ։