Գրանադայում կայացել է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն, Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը և աջակցություն են հայտնում «ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա»։
Հանդիպումն ի սկզբանե պետք է հնգակողմ լիներ՝ դրան պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվեց։
Միշելն այսօր Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բացմանը ժամանելիս հայտնեց, որ հանդիպումը կկայանա առանց Ալիևի․ - «Կարևոր է երբեք չհանձնվելը, ես կարծում եմ՝ դիվանագիտական ջանքերն անհրաժեշտ են, անգամ եթե կան դժվարություններ և հետընթացներ: Մենք այսօր հնարավորություն կունենանք պարոն Մակրոնի, Պարոն Շոլցի և պարոն Փաշինյանի հետ քննարկումներ անցկացնել։ Ես ի գիտություն եմ ընդունում, որ պարոն Ալիևը չի մասնակցի հանդիպմանը, բայց մենք չենք հանձնվում և միանգամայն համոզված ենք, որ մեր՝ Եվրոպայի շահերից է բխում հարևանությամբ ունենալ կայուն և բարգավաճող Կովկաս»։
Երեկ ադրբեջանական մամուլը նշել էր Ալիևի այս բոյկոտի պատճառները, նա պնդել էր այս հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը, Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին արտահայտվել, արդյունքում՝ Ադրբեջանը հնգակողմ ձևաչափին հակաադրբեջանական տրամադրություններ էր վերագրել։ Գրանադա այցելությունից վերջին պահին հրաժարվել էին թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը։ Այսօր նրանց բացակայության հարցը ևս չշրջանցվեց։ Շառլ Միշելն ասաց, որ հրապարակային չի ցանկանում մեկնաբանել Ալիևի չմասնակցելու որոշումը, բայց առիթի դեպքում անձամբ իր վերաբերմունքը կարտահայտի։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը, ստեղծված ճգնաժամին ու Եվրամիության արձագանքին, Միշելն ասում է՝ իրենց խնդիրը հիմա Հայաստանին աջակցելն է:
«Նախ և առաջ` մենք ցնցված ենք ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումից, երկրորդը՝ ես հեռախոսազրույց ունեցա երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։ Սա պետք է հստակ բարձրաձայնվի կարծում եմ՝ որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետևանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք», - հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահը՝ շարունակելով․ - «Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, մենք պետք է կատարենք այդ խոստումը և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության»։
Արդյոք Եվրամիությունը որևէ գործողություն կձեռնարկի՞ Ադրբեջանի դեմ իր ռազմական գործողության համար, որը հանգեցրել է 100 հազար հայերի տեղահանությանը, հարց է հնչում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Մենք անմիջապես, դեռ սեպտեմբերի վերջին, հայտարարություն տարածեցինք՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, և վճռական կոչ արեցինք վերսկսել երկխոսությունը խաղաղ հանգուցալուծման համար, սա է այն, ինչի վրա աշխատում ենք, և այժմ կարևոր է աջակցել Հայաստանին», - հայտարարեց ֆոն դեր Լայենը՝ փաստացի ոչինչ չասելով Ադրբեջանի դեմ ձեռնարկվելիք հնարավոր միջոցների մասին։
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարեց, որ այսօր Գրանադայում քննարկումների ընթացքում ինքը առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին և իր հումանիտար կարիքներին, մենք արդեն հատկացրել ենք 5,2 եվրո միլիոն աջակցություն, այսօր ես վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը կհայտարարեմ, որ մենք կկրկնապատկենք այդ աջակցությունը դարձնելով 10,4 միլիոն եվրո։ Մենք տրամադրում ենք նաև 15 միլիոն եվրո որպես ուղիղ բյուջետային աջակցություն, և այսօր կքննարկենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Հայատսանի համար այս դժվարին իրավիճակում», - նշեց Եվրահանձնաժողովի նախագահը։
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ համաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարճատև շփում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկու ղեկավարների առաջին և կարճատև հանդիպումից հետո Զելենսկին գրել է․ - «Մեր առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու ես կենտրոնացանք Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինայի շահերից է բխում, որ այդ տարածաշրջանում բնակվող ազգերի միջև կայունություն և բարեկամական հարաբերություններ տիրեն»։
Նախօրեին Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ զրույցի ընթացքում կողմերն աջակցություն էին հայտնել միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի համար թիվ մեկ խնդիրը, սակայն, Ուկրաինայում շարունակվող պատերազմն է, և համաեվրոպական միասնականությունն ու համերաշխությունը Ուկրաինային աջակցելու հարցում։