Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց բառացիորեն ժամեր անց Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Այդ մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն է գրել, նշել է, թե Բաքուն պատրաստ է մոտ ապագայում շարունակել այդ հանդիպումները։
Ժամկետները Հաջիևը չի հստակեցրել։
Երևանից, սակայն, դեռ չեն հաստատել՝ արդյոք եռակողմ բանակցությունների պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Ազատության» դիվանագիտական աղբյուրը փոխանցել է՝ հնարավոր է՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում տեղի ունենա արդեն հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում։
«Հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանգիրը ստորագրել և շատ ցավում եմ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց», - երեկ հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետի երեկվա հայտարարությունից հետո հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում բացահայտեց՝ ինչ փաստաթուղթ էր դրվելու սեղանին Գրանադայում:
«Ադրբեջանը խուսափում է Գրանադայի հանդիպումից, իսկ հանդիպման ժամանակ նախատեսվում էր, որ կարող էր ընդունվել հայտարարություն կողմերի փոխադարձ իրար ճանաչման մասին, ինչպես նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի համար Ալմաթայի հռչակագրով հենք հանդիսացող 1975 թվականի քարտեզի ընդունման հարցն էր, որ ընդունվում է, որ կդրվի հիմքում, և մյուսը՝ այդքան երկար բանակցված կոմունիկացիաների հարցն էր, որ կամունիկացիաները պետք է և կարող են բացվել կողմերի ինքնիշխանության և ներքին ազգային օրենսդրությունների հիման վրա», - ընդգծել է Մարուքյանը:
Վարչապետը ևս այդ երեք սկզբունքներն էր թվարկել խորհրդարանում՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ-ը, Հայաստանն Ադրբեջանի՝ 86 հազար 600-ը։ Երկրորդ՝ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է տեղի ունենան 1975 թվականի քարտեզների հիման վրա, սակայն, Փաշինյանի ձևակերպմամբ, այս կարծիքը կարծր չէ, և կարելի է կիրառել նաև 75 թվականից հետո կիրառված քարտեզները, որոնք նախորդի վերարտադրությունն են։ Երևանն, ըստ վարչապետի, նաև պնդում է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը տեղի ունենա երկրների ինքնիշխանության սկզբունքով։
Չնայած Ալիևի հետ հանդիպումը չեղարկվեց, Փաշինյանը մեկնեց Գրանադա։ Նաև եվրոպական լիդերների՝ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի նախագահների մասնակցությամբ այսօրվա հանդիպումը երեկ չեղարկեց Ադրբեջանի նախագահը։ Բաքուն այսօր բացեիբաց հայտարարել է չմասնակցության պատճառների մասին՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին հայտարարած Ֆրանսիային կողմնակալ են համարում, բացի այդ շեշտել են, որ Թուրքիայի մասնակցության հարցով համաձայնություն ձեռք չի բերվել։
«Ճիշտ չի ներկայացվում, թե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցություններից», - նշել է Հաջիևը։
Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից բառացիորեն 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը բացառել էր որևէ փաստաթղթի ստորագրում, այնինչ օրեր անց թե՛ Երևանից, թե՛ Բաքվից լավատեսական հայտարարություններ էին հնչում, որ Գրանադան մեծ քայլ կլինի խաղաղության պայմանագրի ճանապարհին։ Երևանը դեռ պաշտոնապես չի հաստատել նոր եռակողմ հանդիպման՝ Ադրբեջանից հնչող պնդումը, սակայն վարչապետ Փաշինյանի թիմակիցները չեն բացառում այն։
Մինչև Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, պատասխանելով «Ազատության» հարցին, Գրանադայի հանդիպման չեղարկումից հետո բրյուսելյան ձևաչափով Ալիևի հետ նոր հանդիպման հնարավորություն տեսնո՞ւմ են, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր. - «Մենք որևէ հնարավորություն չենք բացառում, ամեն բան անելու ենք՝ շարունակելու խաղաղության կառուցումը տարածաշրջանում, այդ իմաստով ակնկալում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը հարթակների ստեղծման, բանակցություններին աջակցելու իմաստով»:
Հայտնի չէ, սակայն, արդյոք Բրյուսելյան հնարավոր հանդիպմանը սեղանին կդրվի նույն այն փաստաթուղթը, որը, ըստ Երևանի, պետք է Գրանադայի հնգակողմ հանդիպման օրակարգում լիներ։