Մատչելիության հղումներ

Միշելի հետ զրույցում Ալիևը բողոքել է Եվրախորհրդարանից ու Ֆրանսիայից, պահանջել «8 գյուղերը»


Բրյուսելյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

X-ի իր էջում Միշելը գրել է, որ Ալիևին է փոխանցել ԵՄ հավատարմությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Կրկնեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծեցի նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը», - գրել է Միշելը։

Ադրբեջանական Turan գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի գրասենյակը, հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը անդրադարձել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, այն համարելով՝ «հակաադրբեջանական»՝ շեշտելով՝ դրանում արված պնդումներն «անընդունելի» են և «չեն ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

Ինչ վերաբերում է Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարությանը, ըստ Turan-ի, ընդգծելով, որ Ադրբեջանը չի մասնակցել դրան՝ Ալիևն ասել է՝ հետևաբար դա «սխալ մոտեցում է»։

Ադրբեջանի նախագահը միաժամանակ շեշտել է՝ Բաքուն չի մասնակցել այդ հանդիպմանը՝ «Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով»։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելու մոտեցումը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։ «Իսկ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, մեղավորը Ֆրանսիան կլինի», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հիշեցրել է 8 գյուղերի մասին՝ շեշտելով՝ «դրանք դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել «դրանց ազատագրման կարևորությունը»։

Ալիևը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Իրանի միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG