Մատչելիության հղումներ

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. «ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ միասին կկազմակերպի համատեղ հանդիպում Հայաստանին աջակցելու համար»


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը երիտասարդությանը, Բորդո, 7-ը հոկտեմբերի, 2023թ.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձը երիտասարդությանը, Բորդո, 7-ը հոկտեմբերի, 2023թ.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախօրեին Բորդոյում (Ֆրանսիա) Եվրոպական համալսարանում ելույթ է ունեցել երիտասարդական հավաքում, որը կազմակերպել է «Վերածնունդ» կուսակցությունը: Այդ քաղաքական կառույցի պատվավոր նախագահը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է:

Ի շարս այլ հարցերի, Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսել է Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կատարած հարձակման և դրան հաջորդած հայերի զանգվածային արտագաղթի մասին:

«Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ համոզմունքներով: Գրանադայում մեր հանդիպման ժամանակ ես կարողացա Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանին վերահաստատել իմ ողջ աջակցությունը Հայաստանին: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից ավելի քան 100 հազար հայերի արտագաղթին: Ես վերահաստատում եմ իմ բացարձակ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխան», - ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, Եվրամիության անմիջական առաջնահերթությունն է օգնել Հայաստանին՝ ընդունել տեղահանվածներին և աջակցել հայկական պետությանն այս փորձության մեջ։ Եվրամիությունը կրկնապատկելու է անհապաղ մարդասիրական օգնությունը և կտրամադրի ֆինանսական աջակցություն Հայաստանին։

Բացի այդ, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ միասին կկազմակերպի համատեղ հանդիպում Հայաստանին աջակցելու համար:

«Սա առաջին քայլն է՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Եվրոպան և Հայաստանն ունեն երկար ու հարուստ ընդհանուր պատմություն, և եկել է ժամանակը նոր գլուխ բացելու այդ ընդհանուր պատմության մեջ», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

XS
SM
MD
LG