Մատչելիության հղումներ

Վերջին երեք տասնամյակում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ժամանեց Լեռնային Ղարաբաղ


ՄԱԿ-ի ավտոշարասյուն, արխիվ
ՄԱԿ-ի ավտոշարասյուն, արխիվ

Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը ժամանեց Լեռնային Ղարաբաղ։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները, դրանցում երևում է կազմակերպության տարբերանշանով մի քանի ուղևորատար մեքենաներից կազմված շարասյուն, որը շարժվում է մայրուղով, ապա կանգ առնում ինչ-որ բնակավայրում։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ շարասյունը Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ երթուղով կիրակի օրը․ այդ նույն ժամերին տեղահանվում էին Արցախի վերջին բնակիչները։

Հստակ չէ, թե ինչու են միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան հասել հենց այն պահին, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, և թե քանի օրով է գործուղվել առաքելությունը տարածաշրջան։ Փոխարենը հայտնի է՝ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները, նրանց այցը կազմակերպվել է Ալիևի վարչակազմի հետ համագործակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք Լեռնային Ղարաբաղ հասանելիություն չունեինք երեսուն տարի շարունակ։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի մենք վերջապես կարողանանք հասնել այնտեղ։ Տեղում թիմը կգնահատի ընթացիկ իրավիճակը և կորոշի հումանիտար կարիքները՝ ինչպես նրանց, ովքեր մնացել են տարածաշրջանում, այնպես էլ նրանց, ովքեր լքում են այն», - ասել է Դյուժարիկը։

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչն էր խնդիրը, որ երեսուն տարվա ընթացքում միջազգային առաջատար կառույցը չի կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, ՄԱԿ-ի պաշտոնյան համառոտ է արձագանքել՝ «շատ բարդ և նուրբ աշխարհքաղաքական իրավիճակը»։

Պաշտոնական Երևանը պնդում է՝ ՄԱԿ-ը և հիմնական դերակատարները ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու արհավիրքը։ Այս մասին այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի պատգամավորական պատվիրակության հետ հանդիպմանը։

Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումն և Ադրբեջանի կողմից իրականացված այլ հանցագործությունները օրինականացնելու համար, իր հերթին X-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը որպես ինստիտուտ, շեշտել է Մարուքյանը։

Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության գրասենյակին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ Մարուքյանն ընդգծել է․ - «Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը», - գրել է Մարուքյանը։

Այն, որ ՄԱԿ-ի առաքելության ժամանումը ուշացած է, փաստում է նաև ամերիկացի հայտնի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն։ Նրա համոզմամբ՝ միջազգային դիտորդների այցը իմաստ կունենար չորս օր առաջ, երբ դեռ չէր հեռացել Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը։

«Իրենց տներում մնալ ցանկացողները եթե տեսնեին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններ, որոնք հումանիտար օգնություն են տրամադրում, ավելի ապահով կզգային, կտեսնեին, որ աշխարհն ուշադրություն է դարձնում», - նշել է Քավանոն։

Ո՞ւմ կարիքներն են գնահատելու ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Արցախում, եթե այնտեղ գրեթե մարդ չի մնացել, հարց է հնչեցնում Le Figaro պարբերականի խմբագիրներից Ժան-Քրիստոֆ Բյուսոնը, ինքն էլ պատասխանում՝ հորթերի, կովերի կամ խոզերի։

«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելությունը դատարկված Արցախում է հիմա, երբ գրեթե բոլոր հայ բնակիչներին վտարել են (եթե նրանք չեն սպանվել ) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ անելու կամ պաշտպանելու ոչինչ չկա բացի հորթերից, կովերից և խոզերից», - X-ի իր էջում գրել է Ֆրանսիացի լրագրողը:

Այդհուհանդերձ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, ՄԱԿ-ի պաշտոնյաների ուղևորությունը կտևի մի քանի օր, նրանք կծանոթանան զինաթափման գործընթացին։

Արդյո՞ք ադրբեջանցի պաշտոնյաները միջազգային այդ կառույցի ներկայացուցիչներին կուղեկցեն նաև այն բնակավայրեր, որոնք տուժել են ադրբեջանական զինված ուժերի սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակման հետևանքով, և ինչպե՞ս է Բաքուն հիմնավորելու ընդամենը մի քանի օրում քաղաքների և գյուղերի դատարկման փաստը, Ալիևի վարչակազմն այս հարցերն առայժմ չի պարզաբանում։

Մինչ այդ, պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ դատարանից պահանջելով հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: Երևանն ակնկալում է նաև, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։ Հայաստանը նաև պնդում է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG