Մատչելիության հղումներ

Բլինքենը կոչ է արել Ալիևին երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին


Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից և հումանիտար օգնության անարգել մուտք ապահովի։

Բլինքենը կոչ է արել Ալիևին երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանք կարող են իրենց տներում ապահով ապրել և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։

«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին, լայն համաներում կիրառել ու նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն թույլատրել՝ հիշեցնելով Ալիևին հրապարակային հանձնառությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում բոլորի ապագան՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», - հայտնում է Սպիտակ տունը։

Կայացած հեռախոսազրույցին ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նաև Պետդեպի մամլո խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել են միջազգային դիտորդներ տեղակայելու հնարավորության մասին։

Միլլերը պատասխանել է. - «Մեխանիզմների հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, և ես չեմ ցանկանում կանխավ ինչ- որ բան ասել արդյունքի մասին, քանի դեռ այդ քննարկումներն ավարտված չեն։ Ես կասեմ միայն, որ ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ խոսել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները բացառելու հրատապությունը, բացի այդ անհրաժեշտությունն առանց նախապայմանների ապահովելու քաղաքացիականների պաշտպանության և ազատ տեղաշարժի հնարավորությունը և Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքը։ Նշեմ նաև, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հեռախոսազանգի ընթացքում նշել է, որ նախագահ Ալիևն ասել է, թե հետագա ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա կպահի այդ խոստումը։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն և մենք ակնկալում ենք, որ նա դա էլ կկատարի։

Ադրբեջանի նախագահականը հաղորդում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Բաքվի տարածած հաղորդագրության մեջ միայն վերջին պարբերությունում է կարճ նշվում, որ Բլինքենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և նշել տարածաշրջանում կայունության ապահովման և տեղի հայերի հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Հայտարարության մյուս մասում Ադրբեջանի պաշտոնական տեսակետն է ու քարոզչական թեզերը։

Հաղորդագրությունից պարզ է դառնում սակայն, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչները և ՄԱԿ-ի մշտական համակարգող գրասենյակի ներկայացուցիչը զննել են Ադրբեջանի կողմից առգրավված զենքն ու զինտեխնիկան։ Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի տարածած հայտարարության, Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս կազմակերպել երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ուղևորությունը Ղարաբաղ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցություն է իրականացվում հայ բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար։

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Բաքու

Մինչ այդ Հայաստանում գտնվող ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմին և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին կողմերը մանրամասներ առայժմ չեն հաղորդում։

Ադրբեջան այցի նախաշեմին USAID-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Փաուերը նախատեսում է Ալիևի վարչակազմի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը և այդ կապակցությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։

«Իր այցի ընթացքում Փաուերը կքննարկի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հեռանկարները՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա», - ասվում է USID-ի հաղորդագրության մեջ։

Փարիզը հայտարարել է Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին, ԵՄ-ն դատապարտել ԼՂ-ում ուժի կիրառումը

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Փարիզը մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, և Ֆրանսիայի դեսպանատանը նաև ռազմական կցորդ նշանակել։ Կոլոննան հայտարարել է, որ Եվրամիությունը ևս հետևելով Ֆրանսիայի օրինակին պետք է ամրացնի Հայաստանի հետ հարաբերությունները։

Եվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն, հավելելով, որ միությունը ցավում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար և անհրաժեշտ է համարում միջազգային ներկայությունը տեղում:

«Առաջնահերթությունը տուժածներին անխոչընդոտ հումանիտար օգնություն հասցնելն է, երկրորդ, մենք խնդրում ենք Ադրբեջանին միջազգային կազմակերպությունների համար Թույլատրել մուտքը Ղարաբաղ, որպեսզի անհրաժեշտ օգնությունն ավելի արդյունավետ ցուցաբերվի և լինի նաև անկախ դիտարկում, թե ինչպիսին է վերաբերմունքը բնակչությանը», - հայտարարել է Ստանոն՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Պիտեր Ստանոն հավելել է, որ երրորդ կետը առանցքային է, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը իրականացնի իր պարտավորությունները և համաներում հայտարարի Ղարաբաղի այն հայերի համար, որ վայր են դրել զենքը։ Նա նաև նշել է, որ Եվրամիությունը կոչ է անում Բաքվին երկխոսություն վարել Ղարաբաղի հայերի հետ, նաև վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման բանակցություննները։

«Մենք հետևում ենք իրավիճակին տեղում, սեպտեմբերի 19-20 -ի իրադարձությունները չեն կարող օգտագործվել որպես առիթ մարդկանց պարտադրելու լքել տարածքը, մենք մտահոգված ենք, և Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանումը», - հայտարարել է Բորելի մամլո խոսնակը։

XS
SM
MD
LG