Մատչելիության հղումներ

Միրզոյան. Հաջորդ քայլով Բաքուն կարող է Հայաստանին միջանցք պարտադրել


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Ադրբեջանը գնում է պատերազմի ճանապարհով`արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու սկզբունքները, երեկ ՄԱԿ֊ի Գլխավոր Վեհաժողովում հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը պնդեց` Բաքուն ոչ թե խաղաղություն է ուզում, այլ բացահայտ հայտարարում, որ «ուժն է ծնում իրավունք»:

«Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն է'լ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումը, այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարհանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել», - հայտարարեց Միրզոյանը։

Մինչ Բաքուն հավաստիացնում է, թե ռազմական վերջին հարձակման թիրախում միայն զինվորական հենակետերն են եղել և քաղաքացիական անձինք չեն տուժել, Միրզոյանը պնդեց` «վերջին տեղեկությունների համաձայն, կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ»։

Հայաստանի արտգործնախարարը փաստեց, որ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդը վերջին ամիսներին Ղարաբաղի հարցով մի քանի հրատապ նիստ է գումարել, Խորհրդի անդամների մեծամասնությունը դատապարտել է Լաչինի միջանցքի`արդեն 9 ամիս ձգվող արգելափակումն ու Ադրբեջանի ռազմական գործողությունները: «Խոսքով, սակայն, անհնար է Ալիևին կանգնեցնել, անհրաժեշտ է գործի անցնել», - ընդգծեց Արարատ Միրզոյանը:

«Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։ Հայաստանը բազմիցս է նախազգուշացրել միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց»։

Պաշտոնական Երևանն ամիսներ շարունակ հորդորում է ՄԱԿ֊ի փաստահավաք առաքելություն ուղարկել Ղարաբաղ: Երեկ արտգործնախարարը կրկին խոսեց այս մասին, ընդգծելով`բռնապետական կառավարմամբ հայտնի Ադրբեջանի դժկամությունը չպետք է միջազգային համայնքից ավելի ուժեղ լինի:

«Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է»:

Ինչպես առաջ` Անվտանգության խորհրդի հրատապ նիստում, երեկվա ելույթում ևս Միրզոյանը կոչ արեց հնարավորություն ստեղծել` ՄԱԿ֊ի մանդատի ներքո Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար: Առայժմ հայտնի չէ` կա՞ նման ծրագիր, և կամ եթե քննարկման դրվի` ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, որն ամեն կերպ փորձում է ապահովագրել սեփական խաղաղապահ առաքելության ներկայությունը Ղարաբաղում: Մինչ այդ` երեկ, Հայաստանի արտգործնախարարը զգուշացրեց` հապաղման դեպքում «Ղարաբաղի բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել»:

«Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով», - ընդգծեց արտգործնախարարը:

Ավելին, Միրզոյանն զգուշացրեց` Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններով Բաքուն չի սահմանափակվելու: Մյուս թիրախը կարող է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը լինել:

«Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից», ֊ հայտարարեց Միրզոյանը, հավելելով`«Սա անընդունելի է Հայաստանի համար, և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG