«Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և դրան նախորդած Լաչինի միջանցքի ամիսներ շարունակված շրջափակման պատճառով այս պահին տեղի է ունենում Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթ։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում», - ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ։
«Անհրաժեշտ է անհետաձգելի, շարունակական, անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում շտապ օգնության տրամադրմանը», - նշել է Ստանոն:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը նշել է՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է հավելյալ 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին:
«ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք հաջորդ օրերի ընթացքում: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը։ ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետևել տեղում զարգացումներին», - նշում է հաղորդագրությունը։