Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում միջազգային առաքելության ստեղծմանը․ Միլլեր


Աղետների արձագանքման թիմը Հարավային Կովկասում տեղակայվում է՝ իրավիճակը գնահատելու, ԱՄՆ մարդասիրական արձագանքը համակարգելու համար, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Երեկ Վաշինգտոնը հայտարարեց Հարավային Կովկասում աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին։ Այդ թիմը, համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության, գնահատելու է իրավիճակը, որոշելու է կարիքների առաջնահերթությունները և աշխատելու է գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Ստեփանակերտում երեկ ստորագրված հրամանագրի վերաբերյալ, որ «հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղն այլևս կդադարի գոյություն ունենալ», Միլլերը կոնկրետ մեկնաբանություններ չի արել, միայն վերահաստատել է՝ կարևոր է հրադադարի պահպանումը, հումանիտար կարիքների լուծումը և անկախ միջազգային առաքելության հնարավորինս շուտ ստեղծումը՝ ապահովելու ԼՂ-ում թափանցիկությունն ու բնակիչների անվտանգությունը։

«Սա մեր առաջնահերթությունն է՝ անմիջական իրավիճակին դիմակայելու համար», - ասել է Միլլերը։

Հարցին, թե ԱՄՆ որքա՞ն լուրջ է վերաբերվում միջազգային առաքելության ստեղծմանը, Բաքուն կհամաձայնի՞ դրան, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է՝ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում միջազգային առաքելության ստեղծմանը՝ շեշտելով՝ նույնիսկ պետքարտուղարն է այդ հարցը բարձրացրել նախագահ Ալիևի հետ իր հեռախոսազրույցում, ճնշում գործադրել՝ միջազգային առաքելությանն աջակցելու համար։

«Երեկ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարեց, որ աջակցում է առաքելությանը։ Իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ իրենց սատարելու պատճառներից մեկն այն է, որ ամերիկյան կողմն է հորդորում իրենց դա անել», - ընդգծել է Միլլերը՝ հավելելով՝ Վաշինգտոնն այս պահին աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ դրա իրականացման լավագույն մեխանիզմը գտնելու ուղղությամբ՝ առանց հստակեցնելու, թե ում հետ են աշխատում, ինչ տարբերակներ են քննարկվում:

«Այսպիսով, մենք բավականին հստակ ենք այդ հարցում։ Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ, թե որն է դրա իրականացման լավագույն մեխանիզմը: Կարծում ենք՝ կարևոր է ապահովել թափանցիկություն և հավաստիացնել, որ մարդասիրական կարիքները լուծվում են տեղում», - ասել է Միլլերը։

Նա ընդգծել է՝ Վաշինգտոնը շարունակում է մեծապես մտահոգված լինել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով։

«Մենք կարծում ենք՝ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան հեռանալ, եթե ցանկանում են, կարողանան վերադառնալ, եթե ցանկանում են։ Նաև կարծում ենք, որ պետք է անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն լինի տարածաշրջան, որպեսզի համոզվենք, որ կարիքավոր բնակչությունը ստանում է պահանջած աջակցությունը», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG