Մատչելիության հղումներ

Փաուերն այցելեց Սյունիք, կրկին շեշտեց՝ անհրաժեշտ է անկախ դիտորդներ ունենալ Լեռնային Ղարաբաղում


ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը Սյունիքի մարզում հանդիպում է Արցախից բռնի տեղահանվածների հետ, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը Սյունիքի մարզում հանդիպում է Արցախից բռնի տեղահանվածների հետ, 26-ը սեպտեմբերի, 2023թ․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերն այսօր Սյունիքում էր, որտեղ ևս մեկ անգամ հայտարարեց՝ անհրաժեշտ է անկախ դիտորդներ ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև անհապաղ մուտքի հնարավորություն։

«Ինչպես գիտեք, անցյալ շաբաթվա ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի են սրել։ Բացարձակ անհրաժեշտություն է, որ հումանիտար կազմակերպությունները մուտքի հնարավորություն ունենան դեպի Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղի գյուղեր ու քաղաքներ», - ասաց Փաուերը։

Բայդենի վարչակազմի ազդեցիկ դեմքերից մեկը համարվող Սամանթա Փաուերը հայտարարեց, որ չափազանց մտահոգված են քաղաքացիական անձանց շրջանում բռնությունների մասին հաղորդումներով, և ԱՄՆ-ից եկել է Հայաստան նախագահ Բայդենի հանձնարարությամբ՝ զրուցելու մարդկանց հետ ու անձամբ տեղեկանալու, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները։ Շատերը հեռացել են իրենց գյուղերից հրետակոծության ներքո, շատերն էլ, որ եկել են այստեղ, ինչպես հաղորդում են բժիկները, որոնք նրանց զննել են, թերսնված են։ Ինչպես բոլորդ հավանաբար տեսել եք, տրավման ու հոգնածությունը դաջված են մարդկանց դեմքերին։ Չափազանց կարևոր է, որ ոչ միայն միջազգային դիտորդները, այլև հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելու տեղում մնացած մարդկանց», - ընդգծեց ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Փաուերը նկատեց, որ Հայաստան ավելի վաղ տեղափոխված մարդիկ էլ կան, որոնք ցանկանում են վերադառանալ իրենց տներ, այցելել սիրելիների գերեզմաններ։ Ընդհանուր առմամբ, նրա գնահատականով, մարդիկ պետք է ազատ ելումուտի հնարավորություն ունենան․ - «Թեև այս պահին մեր ուշադրության կենտրոնում զրկանքների միջով անցնող, խոցելի, ու երբեմն վիրավոր մարդկանց առաջնային կարիքներն են, սակայն մենք պետք է մտածենք նաև այս մարդկանց միջնաժամկետ ու երկաժամկետ հարցերի մասին»։

2002 թվականին «Խնդիր դժոխքից» վերնագրով ցեղասպանություններին ու էթնիկ զտումներին նվիրված գիրք հեղինակած Փաուերին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ «արդյոք այն, ինչ տեսնում եք, էթնիկ զտո՞ւմ է»։

«Մնք պետք է համոզվենք, որ միջազգային կազմակերպությունները մուտք կունենան Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ կան տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որ ապրում են սարսափելի պայմաններում։ Արդեն տեսնում եք, որ հավաքում ենք վկայություններ մարդկանցից, որոնք փախել են բռնություններից, զրկանքներից, հեռացել են՝ վախենալով ապրել Ադբեջանի կառավարության տիրապետության ներքո։ Ես ղեկավարում են Միջազգային զարգացման գործակալությունը, և մեր ուշադրությունն այժմ կենտրոնացած է խոցելի մարդկանց օգնելու վրա», - արձագանքեց Փաուերը։

Հնարավո՞ր է արդյոք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի բնակիչների հետ այսպես վարվելու համար։ Սամանթա Փաուերի խոսքով՝ նախագահ Բայդենն ուղարկել է իրեն տարածաշրջան ոչ միայն փաստեր հավաքելու, մարդկանց պատմությունները լսելու համար, այլև՝ հասկանալու, թե այս ամենն ինչ հետևանքներ պետք է առաջացնի։

«Երբ վերադառնամ Վաշինգտոն ու ներկայացնեմ այն վկայությունները, որոնք լսել եմ, կարծում եմ՝ դրանք օգտակար կլինեն նախագահին ու վարչակազմին՝ հասկանալու, թե սեղանին դրված տարբերակներից որով պետք է առաջ շարժվեն։ Ուզում եմ ընդգծել, որ հենց հիմա կան դիտարկվող մի քանի տարբերակներ», - ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։

Մինչ Վաշինգտոնը նորից խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին, Հայաստանի վարչապետն ու մյուս բարձաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ադրբեջանական նոր հարձակման վտանգ կա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Երեկ «Ազատություն»-ը հետաքրքվեց Սամանթա Փաուերից, թե ինչ լծակներ ունի ԱՄՆ-ը՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունը։ Ըստ նրա՝ «Վաշինգտոնն ունի բավականաչափ գործիքներ իր տրամադրության տակ, իսկ ԱՄՆ-ի մայրաքաղաքում բարձր մակարդակներում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համաժեք քայլերը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG