Մատչելիության հղումներ

Հարձակվելով Ղարաբաղի վրա Ալիևը հատել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի գծած կարմիր գիծը՝ դրժելով ուժ չկիրառելու խոստումները․ Դը Վաալ


 Բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Carnegie Europe կայքում հրապարակված հոդվածում կովկասյան տարածաշրջանի խնդիրներն ուսումնասիրող բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը գտնում է, որ հարձակվելով Ղարաբաղի վրա՝ Իլհամ Ալիևը կորցրեց եվրոպացիների վստահությունը, և Ադրբեջանի տրանսպորտային հանգույցի կարգավիճակը չի կարող մեղմել Եվրամիության վերաբերմունքը Բաքվի հանդեպ։

«Վերջին շաբաթվա իրադարձությունները բանավեճ առաջացրեցին Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի քաղաքականության խորը վերափոխման անհրաժեշտության մասին։ Այդ ամենի պատճառը Ղարաբաղն է, բայց հարցը նույնիսկ ավելի մեծ է։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ուժ կիրառեց՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքը, այդպիսով հատելով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից գծված կարմիր գիծը», - գրում է նա, նշելով, որ հետևանքներն աղետալի են՝ զոհերի վերջնական թիվը կհասնի հարյուրների, Ղարաբաղի հազարավոր հայեր, վախենալով իրենց ապագայի համար, այժմ զանգվածային ողբերգական գաղթ են կատարում իրենց հայրենիքից դեպի Հայաստան։

Դը Վաալը նշում է, որ Ադրբեջանի ուժի կիրառումից Բրյուսելում և Վաշինգտոնում շատերը ցնցված են և իրենց խաբված են զգում. - «Մինչև վերջին պահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր մակարդակի զրուցակիցներին՝ այդ թվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հավաստիացնում էր, որ ռազմական գործողության չի դիմի»։

Թոմ դը Վաալը նշում է, որ ՄԱԿ-ում այդ մասին շատ պարզ ասաց Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ «Բաքուն խախտեց ուժի կիրառումից զերծ մնալու իր բազմաթիվ խոստումները՝ ահռելի տառապանք պատճառելով արդեն իսկ ծանր վիճակում գտնվող բնակչությանը», - հայտարարել էր Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը։

Բրիտանացի փորձագետը գտնում է, որ մերժելով միջազգային դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու փորձերը՝ Բաքուն մեծ պատասխանատվություն է կրում։ Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում հեշտ չէ թաքցնել պատերազմական հանցագործությունները։ Եթե Բաքվի պատերազմական վայրագությունները հաստատվեն, կամ մնացած ղարաբաղցիները ենթարկվեն դաժան վերաբերմունքի, ապա պետք է պատասխանատուների հանդեպ քրեական հետապնդումների կոչեր հնչեն, այդ թվում՝ գործեր հարուցվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Թոմ դը Վաալը նշում է, որ աշխարհաքաղաքական հետևանքները ևս զգալի են։

«Այն փաստը, որ արևմտյան խաղացողներն անակնկալի էին եկել, ուժեղացնում է ենթադրությունը, որ Ալիևն իր ռազմական գործողությունը նախապես համաձայնեցրել է Մոսկվայի հետ», - նշում է փորձագետը և այդ ամենը ավելի ակտուալ է համարում, քանի որ հաջորդ մեծ խնդիրը համարում է Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևանի անկլավ տանող տրանսպորտային ճանապարհի պլանավորումը. - «Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան բոլորն էլ ընդհանուր շահեր ունեն պարտադրելու իրենց տարբերակը, որպեսզի այդ երթուղու վրա, որը Բաքուն ու Անկարան «Զանգեզուրի միջանցք» են կոչում, Հայաստանը հնարավորինս քիչ վերահսկողություն ունենա, և գուցե բռնի ուժի միջոցով»։

Անդրադառնալով նաև Ադրբեջանի նավթագազային ու տրանսպորտային ենթակառուցվածքների հնարավորություններին, երկրի ներսում ժողովրդավարության դեմ ագրեսիային` Freedom House-ի դասակարգմամբ Ադրբեջանն աշխարհի երկրների շարքում վերջին տեղերում է, Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը, «Արևմտյան Ադրբեջան» տերմինը շրջանառության մեջ դնելու մոտիվացիային, Թոմաս դը Վաալը եզրափակում է․ - «Կարճ ասած՝ ժամանակն է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ ավելի կոշտ խոսի»։

XS
SM
MD
LG