Մատչելիության հղումներ

«Դեռ այնպիսի քաոսային իրավիճակ չկա, որ չկարողանանք ջուր, հաց մատակարարել». արցախցիների հոսքը Հայաստան շարունակվում է


Շարունակվում է Արցախից տեղահանվածների հոսքը դեպի Հայաստան: Այսօր տարհանվել է Ստեփանակերտի ծերերի խնամքի կենտրոնը, տարեցներն ուղևորվել են Աղավնաձորի խնամքի կենտրոն: Իսկ մանկատան երեխաները տեղափոխվել են Կապանի խնամքի կենտրոն:

Վերջին պաշտոնական թվերով՝ տեղափոխվածներից ընդամենը 8036-ն է, որ ընտրել է պետության առաջարկած կացարանը: Տեղահանված ընտանիքները հաճախ հրաժարվում են կամ դժկամությամբ, տագնապով են մեկնում Ադրբեջանի հետ սահման ունեցող համայնքներ՝ Վարդենիս, Կապան:

Ամենաշատ արցախցիների ընդունած մարզը Սյունիքն է, թեև կան նաև 1000-ից ավելի Կոտայքի մարզում տեղավորվածներ:

Հումանիտար համակարգման կենտրոն է գործում նաև Վայքում, սակայն դիմումների մեծ մասը Գորիսի կոորդինացիոն կենտրոնում են: Այստեղ արդեն չորրորդ օրն է՝ ընդունում են տեղահանված արցախցիներին:

Գորիս քաղաքի ամբողջ տարածքում տեղահանված ընտանիքներ են, որոնք գնալու տեղ չունեն: Սյունիքի մարզպետարանի և համայնքապետարանների շուրջ 300 աշխատակից այժմ համակարգման կենտրոնում զբաղվում է նրանց ընդունմամբ: Կան նաև բազմաթիվ կամավորներ:

Թե որքանո՞վ է հաջողվում բավարարել օրերով ճանապարհ եկած մարդկանց կարիքները, Սյունիքի մարզպետը պատասխանեց. - «Դեռ այնպիսի քաոսային իրավիճակ չկա, որ որևէ ձև չկարողանանք ջուր մատակարարել, հաց մատակարարել: Ուշացումներ, բնական է, չեն կարող չլինել»:

XS
SM
MD
LG