Մատչելիության հղումներ

Տիգրան Աբրահամյանը հորդորում է քրեական հետապնդում հարուցել Սամվել Բաբայանի դեմ՝ Բաքվի հետ առանց լիազորության բանակցելու համար


Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, արխիվ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, արխիվ

Մինչ Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած ու Հայաստան հասած Սամվել Բաբայանը Հայաստանի իրավապահներին հորդորում է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար», Արցախի նախկին իշխանությունների թիմակից, հանրապետական պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հորդորում է քրեական հետապնդում հարուցել հենց Բաբայանի դեմ՝ Բաքվի հետ առանց որևէ լիազորության բանակցելու համար։

«Պատկերացնո՞ւմ եք Հայաստանում որևէ մարդու, ով գար, կհայտարարեր, որ թեկուզ և կենցաղային ինչ-որ թեմայով ադրբեջանցիների հետ գտնվում է կապի կամ շփման մեջ։ Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը պետք է առաջին հերթին ճշտի, սա իրականում իրավական հարթության նաև խնդիր է, թե ինչպես է ստացվել, որ մարդն առանց պետության լիազորման ինքնագործունեություն է ծավալել, ադրբեջանցիների հետ կապի մեջ է մտել», - ասաց Աբրահամյանը։

Արցախի պաշտպանության նախկին նախարարը, որը վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, երեկ Հանրայինի եթերում պնդել է, թե վերջին շրջանում զբաղված էր ադրբեջանցիների հետ բանակցություններով ինքնավարության հարցի շուրջ, ինչին, ըստ նրա, Բաքուն համաձայնել էր։ Թե ինչպես էր իր կազմում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ կտրականապես մերժող Բաքուն համաձայնել իր առաջարկներին, Բաբայանը չի մանրամասնել, պնդել է, թե ինքը բանակցել է միջնորդավորված, 23 կետից բաղկացած փաստաթղթեր փոխանակել, և որ միայն 3 կետի շուրջ են եղել տարաձայնություններ, դրանցից մեկը զինաթափումից հետո զենքի տեղափոխումն էր Հայաստան։ Իր բանակցությունների մանրամասներից, սակայն, Արցախի իշխանություններին տեղյակ չի պահել, քանի որ նրանք ո՛չ ցանկացել են լսել իրեն, ո՛չ էլ հրավիրել են քննարկումների։

«Մենք կարող էինք 4400 տարածքի վրա, ոնց ունեցել ենք Արցախի, այդ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք։ Էս մարդիկ չեն ցանկացել», - հայտարարել էր Բաբայանը։

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Բաբայանի այս և մյուս հայտարարությունները որակում է սուտ, խայտառակություն և քաղաքական շահարկում։ Աբրահամյանը նկատում է՝ Ադրբեջանի հետ շփումների մասին Բաբայանը խոսում էր դեռ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք, և ոչ մեկն այդպես էլ բացատրություն չտվեց՝ ինչու է նա զբաղվում այս հարցով։

«Նրա պնդումները, թե գիտեք՝ այսինչ նախկին նախագահները ռուսական ծառայության աշխատողներ են, նույն դրա համար ԱԱԾ-ն նրան պետք է կանչի համապատասխան վայր, հարցաքննություն կազմակերպի, և հասկանանք՝ իրականում այս մարդը, որ ասում է, վերջը իր ասածների համար պատասխան տալու է, թե չէ», - նկատեց ԱԺ պատգամավորը։

Արցախի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և գործող նախագահ Սամվել Շահրամանյանը, որևէ կերպ չեն մեկնաբանել Բաբայանի երեկվա աղմկահարույց հայտարարությունները։ Հենց նրանց է Բաբայանը մեղադրում Արցախի կորստի համար, երբ «չանսալով Բաքվի հորդորներին»՝ նոր նախագահ ընտրեցին։ Ավելին, առանց աղբյուր վկայակոչելու Բաբայանը պատմել է, թե Արայիկ Հարությունյանը ոչ թե ինքնակամ է հեռացել նախկին նախագահի պաշտոնից, այլ ռուսական անվտանգության դաշնային ծառայության հեռախոսազանգից հետո՝ ռուսների ցուցումով, թե իբր Հարությունյանը լավ չի աշխատում իրենց համար, և պետք է ավելի ռուսամետ մեկը ընտրվի։

Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանին շնորհավորել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնում է Բաբայանն ու պնդում՝ եթե Արցախը լսեր Ադրբեջանին ու չգնար ընտրության, այս հարձակումը չէր լինի։ Բաքուն թեև խիստ դատապարտել էր Սամվել Շահրամանյանի ընտրությունը, սակայն հրապարակային հայտարարություններում այդ հանգամանքը ուղիղ չէր նշել որպես հարձակման պատճառ։

Իր վերջին ռազմական հարձակումը «հակակաբեկչական գործողություն» անվանող Ադրբեջանը մարտական գործողությունից առաջ մեղադրել էր Լեռնային Ղարաբաղին՝ Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհին ականների պայթյունից զոհերի համար։

«Եվ առաջինն ո՞վ շնորհավորեց պարծենալով, ես Սերժ Սարգսյանին նկատի ունեի, որ շնորհավորել է, շատ ճիշտ որոշում է եղել։ Հիմա հանձնել են Արցախը, հիմա ուզո՞ւմ է այդ պատասխանատվության մի մասը կրի, թե՞ ոչ», - հարցրել է Բաբայանը հարցազրույցի ժամանակ։

Սերժ Սարգսյանի թիմակից Տիգրան Աբրահամյանը, հերքելով Բաբայանի վարկածը, հիշեցնում է Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային անվստահության մասին ու պնդում՝ Սամվել Բաբայանը Հայաստանի իշխանության պատվերն է կատարում՝ փորձելով մաքրել Փաշինյանի թիմի պատասխանատվությունը Արցախի կորստի հարցում. - «Արցախի պարագայում ընտրված անձը Սամվել Բաբայանն է, ով պետք է առավելագույնս պաշտպանի Նիկոլ Փաշինյանական այս իշխանությունը և առավելագույնս վնաս հասցնի տարբեր այլ անձանց, ում կարող են մեղադրել այս կամ այն պատասխանատվության մեջ»։

Աբրահամյանի խոսքով՝ Բաքվի նպատակը Արցախը հյուծելն ու հետո հարձակվելն էր, և դա ամենևին կապ չուներ իշխանության փոփոխության հետ։ Սամվել Բաբայանը, որ վերջին շրջանում հորդորում էր իշխանությունն իրեն տալ, որ փրկի Արցախը հանձնումից, դեռ ամիսներ առաջ էր խոսել ադրբեջանական կողմի հետ շփումների մասին։ Այժմ, երբ նա արդեն երկու օր է Հայաստանում է, շատերը հարցնում են՝ ինչպե՞ս է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Բաբայանն անցել ադրբեջանական անցակետը այն դեպքում, երբ այսօր հենց անցակետում ձերբակալվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաբայանը երեկ էլ կրկնեց՝ չի կերպարանափոխվել։

Բաբայանի հակասական հայտարարություններից մեկն էլ ընդդիմախոսները համարում են նրա ավելի վաղ արած այն վստահեցումը, թե Արցախից ամենավերջինը դուրս կգա, սա այն դեպքում, երբ Արցախից դուրս եկողների առաջին շարքերում էր։ Երեկ այսպես բացատրեց՝ վերջին հեռացողը կլիներ, եթե ինքը լիներ Արցախի ղեկավարը։ «Ազատությանը» Բաբայանից իր հայտարարությունների առնչությամբ հավելյալ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, նա այսօր «Ազատության» զանգերին չպատասխանեց։

XS
SM
MD
LG