Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ունի բավականաչափ գործիքներ. Փաուերը՝ Բաքվի հնարավոր ոտնձգությունը զսպելու ԱՄՆ լծակների մասին


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ասուլիսի ժամանակ, 25-ը սեպտեմբերի, 2023թ.
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ասուլիսի ժամանակ, 25-ը սեպտեմբերի, 2023թ.

«Անկախ աչքեր ու ականջներ ունենալը, Լեռնային Ղարաբաղ անհապաղ մուտքի հնարավորությունը մեզ համար այժմ բացարձակ առաջնահերթությունն է», - երկուշաբթի երեկոյան հրավիրված ասուլիսի ընթացքում Երևանում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, որը գլխավորում է Վաշինգտոնից ժամանած բազմանդամ պատվիրակությունը, դրա կազմում՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատ Յուրի Քիմը:

«Ես այստեղ եմ՝ գնալու, հանդիպելու Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց, տեղեկանալու, թե ինչ է պատահել նրանց: Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների մասին հաղորդումներով։ Իմ առաքելության, այցի հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս շատ տեղեկություններ կարողանանք ստանալ և կարողանանք աջակցություն ապահովել, կարողանանք փոխանցել հրատապությունը, որ տեղում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ունենալ անկախ աչքեր և միջազգային ներկայություն», - հայտարարեց Փաուերը՝ շարունակելով. - «Իմ այցի մյուս նպատակը նախագահ Բայդենի ուղերձը փոխանցելն է վարչապետ Փաշինյանին, որը ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնում Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»։

Սամանթա Փաուերի փոխանցած նամակում ԱՄՆ նախագահ Բայդենը Միացյալ Նահանգների ուժեղ աջակցությունն է հայտնում Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն և խոստանում շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման ջանքերում։

ԱՄՆ-ում ազդեցիկ դիվանագետ համարվող Փաուերը հայտնեց, որ անձամբ Բայդենն է իրեն գործուղել Հայաստան, ու վերահաստատեց Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

«Մենք նորից շատ հստակ հայտարարում ենք, ինչպես դա արվել է ՄԱԿ-ի հարթակից՝ մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը, ես չեմ կարող նշել, թե որոնք կլինեն դրանց ոտնահարումների դեպքում հետևանքները, բայց շատ կարևոր է, որ աշխարհը միասնական կանգնած հայտարարի, որ դրանք անխախտելի սկզբունքներ են», - ասաց ամերիկացի պաշտոնյան։

«Առավոտյան այցելել եմ Ցեղասպանության հուշահամալիր ու ծաղիկներ դրել ոչ միայն մեկ դար առաջ զոհված անմեղ զոհերի հիշատակին, այլև նրա համար, որ մենք կանգնենք միմյանց կողքին՝ միմյանց արժանապատվությունը և մշակութային ժառանգությունը պահպանելու համար։ Այսօր ես և վարչապետ Փաշինյանը խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել հայ ժողովրդին առաջիկա ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղում և նաև հետագայում, երբ Հայաստանը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և իր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու ճանապարհին», - ավելացրեց Փաուերը։

Անկախ և անհապաղ մուտքի հնարավորությունը ԼՂ մեզ համար այժմ առաջնահերթությունն է. Փաուեր

Ամերիկացի դեմոկրատ դիվանագետը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները Լեռնային Ղարաբաղում, ու պնդեց, որ Ադբեջանը պետք է կատարի այդ խոսումը. - «Ավելին՝ աշխարհը պետք է կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանը կատարում է խոստումը։ Բոլոր կողմերը պետք է թույլ տան միջազգային հումանիտար ներկայություն այնտեղ, որ տեսնեն՝ արդյո՞ք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունը, և կարողանան հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»։

Ինչպես նախկինում բազմաթիվ ամերիկացի պաշտոնյաներ, Փաուերը կրկին պնդեց, որ Ադրբեջանը պետք բացի Լաչինի միջանցքը փոխադրումների համար, և ավելացրեց, որ «բնակիչներին պաշտպանելու վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ մարդիկ ազատ չեն կարողանում ազատ գնալ ու գալ, և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին ԱՄՆ ՄԶԳ-ն է, մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ»։

Սամանթա Փաուերը մոտ կես ժամ տևած ասուլիսի ընթացքում այս հարցին անդադարձավ մի քանի անգամ ու «անհապաղ անկախ մուտքի հնարավորությունը դեպի Լեռնային Ղարաբաղ» հայտարարեց Վաշինգտոնի համար առաջնահերթություն։ «Շատ կարևոր է տեղում ունենալ ազատ մամուլ, անկախ դիտորդներ, որոնք կարող են լույս սփռել ոչ միայն զինված ուժերի, այլև նրանց ղեկավարող անհատների գործողությունների վրա։ Այս տեղեկությունը բացարձակ կարևոր է պատասխանատվության տեսանկյունից։ Ահա ինչի վրա ենք կենտրոնացած», - ասաց նա։

Անդրադառնալով նաև երկարաժամկետ մարտահրավերներին, պաշտոնյան այնուամենայնիվ ընդգծեց, որ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում առաջիկա ժամանակահատվածում «քաղաքացիական անձանց բարօրությունն է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև այն մարդկանց, որոնք հեռացել են այնտեղից»։

«Մարդիկ մեծ մասամբ հնարավորություն չեն ունեցել հեռանալու կամ նրանց հասանելի չի եղել սննդամթերքը և այլ պարագաներ։ Այս հարցը մեր անմիջական ուշադրության կենտրոնում է, ես անձամբ և մյուսները ԱՄՆ-ի կառավարությունից Հայաստան եկած մարդկանցից ավելին իմանալու հնարավորություն կունենանք այս իրավիճակի լրջության մասին և այն մասին, թե ինչերի միջով են անցել մարդիկ, որ ի վերջո որոշել են հեռանալ Լեռնային Ղարաբաղից», - նշեց ԱՄՆ ՄԶԳ տնօրենը:

«Մենք վերանայում ենք մեր անվտանգային և այլ տեսակի աջակցությունը»

Ադրբեջանական հարձակումից օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, ով Երևան ժամանած պատվիրակության անդամ է, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ ուժի կիրառումն անընդունելի է Վաշինգտոնի համար։ Լրագրողներից մեկը հետաքրքվեց, թե որն է Վաշինգտոնի արձագանքը, երբ այդ ուժն արդեն կիրառվել է։

«Նույն բանն ասել է նաև պետքարտուղար Բլինքենը, բայց այդ ուժը կիրառվել է, մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանքն այս իրավիճակին։ Ինչպես պետքարտուղարի տեղակալ Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային և այլ տեսակի աջակցությունը։ Բայց այս պահին չեմ ուզում ներկայացնել որևէ եզրահանգում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ու Նահանգների արձագանքի վերաբերյալ», - պատասխանեց Փաուերը:

Մինչ Վաշինգտոնը հայտարարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին, Հայաստանի վարչապետն ու մյուս բարձաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ադրբեջանական նոր հարձակման վտանգ կա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։ «Ազատություն»-ը հետաքրքրվեցք Սամանթա Փաուերից, թե ինչ լծակներ ունի ԱՄՆ-ը՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունը։ Փաուերն արձագանքեց, որ «Վաշինգտոնն ունի բավականաչափ գործիքներ իր տրամադրության տակ, ԱՄՆ մայրաքաղաքում բարձր մակարդակներում քննարկումներ ընթանում են, թե որոնք կլինեն համարժեք քայլերը»։

«Այստեղից հետ՝ Վաշինգտոն կտանեմ ուղերձներ ու մտահոգություն, որոնք լսել եմ բոլոր մարդկանցից, ում հանդիպել եմ այսօր Հայաստանում՝ կապված հնարավոր հետագա բռնությունների հետ», - ասաց Սամանթա Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը նշեց, որ տարածաշրջանի խաղաղությունը շարունակում է մնալ Վաշինգտոնի օրակարգում, նա ավելացրեց՝ «հասկանալի է, որ վերջին իրադարձությունները թերահավատություն են առաջացրել քաղաքական քննարկումների նկատամբ, սակայն ԱՄՆ-ի և նրա գործընկերների ուղերձը մնում է նույնը՝ տարածաշրջանի խաղաղությունը, ինչին ձգտում է նաև Հայաստանի ղեկավարությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG