Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը կարծում է, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումն անսպասելի չէր։ «Ազատության» հետ զրույցում նա հիշեցրեց, օրինակ, իսրայելական ռազմական տեխնիկայի մասին հրապարակումները։
Ինչ վերաբերում է նախորդած իրավիճակին, Բրոերսը նշեց. - «Կարծում եմ՝ Ղարաբաղի դե ֆակտո ղեկավարությունը, թեև այդ ղեկավարության ներսում էլ տարբեր հոսանքներ կային, Ղարաբաղի անկախության պահպանման կողմնակից էր՝ չնայած 2020 թվականի պատերազմի արդյունքներին։ Այսպիսով, կարծում եմ, կարելի է պնդել, որ սա համատեղ ստեղծված ճգնաժամ է»:
«Իրականում այս հարձակումն անսպասելի չէր»
«Ազատություն». - Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ղեկավարության ներկայացուցիչները սկսել են վերաինտեգրման բանակցությունները։ Բայց մինչ հնարավոր արդյունքի մասին խոսելը եկեք տեսնենք, թե ի՞նչ է դրան նախորդել։ Մասնավորապես, ամիսներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ բանակցությունները, կարծես թե, ընթանում էին հօգուտ Ադրբեջանի։ Հայաստանի կառավարությունը հրապարակավ հայտարարել էր, որ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Թվում է, թե մնացել էր միայն մանրամասները քննարկել։ Ուրեմն այդ դեպքում ինչո՞ւ երեքշաբթի օրը նորից սկսվեց պատերազմը:
Բրոերս․ - Դե, կարծում եմ՝ մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջպետական մակարդակը և Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական պետության միջև բանակցությունների մակարդակը։ Կարծում եմ՝ միջպետական մակարդակում որոշակի առաջընթաց կա։ Կան մի շարք հարցեր, որոնց շուրջ վճռականության և համբերության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը իրականանալի է թվում: Բայց նույնը չենք կարող ասել Բաքվի և Ստեփանակերտի դեպքում:
Երկխոսություն հաստատելու բազմաթիվ ջանքեր են գործադրվել։ Սակայն, ադրբեջանական կողմը և Ղարաբաղի հայկական կողմը մինչև այս շաբաթ չէին կարողանում պայմանավորվել այդ բանակցությունների անցկացման վայրի, օրակարգի և ձևաչափի շուրջ: Եվ բացի այդ, ակնհայտորեն, մենք տեսել ենք նաև տարածքի շրջափակում։ Հիմա արդեն ակնհայտ է, որ դա արվում էր ճնշում գործադրելու համար։ Այժմ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ինտեգրացիոն գործընթացի պայմանները:
«Ազատություն». - Բայց արդյո՞ք դա վեճ էր միայն հանդիպման վայրի ու ձևաչափի շուրջ, թե՞ ըստ էության Լեռնային Ղարաբաղը ոգևորությամբ չէր ընդունում վաղ թե ուշ Ադրբեջանին ինտեգրվելու հեռանկարը։
Բրոերս. - Կարծում եմ՝ Ղարաբաղի դե ֆակտո ղեկավարությունը, թեև այդ ղեկավարության ներսում էլ տարբեր հոսանքներ կային, Ղարաբաղի անկախության պահպանման կողմնակից էր՝ չնայած 2020 թվականի պատերազմի արդյունքներին։ Այսպիսով, կարծում եմ, կարելի է պնդել, որ սա համատեղ ստեղծված ճգնաժամ է: Բայց մյուս կողմից, Ադրբեջանի և Ղարաբաղի հայերի միջև կա նաև հսկայական տարբերություն ուժային հարաբերակցության առումով: Այնպես որ, կարծում եմ, որ մենք պետք է դա էլ հաշվի առնենք։
«Ազատություն». - Ադրբեջանի այս գործողության թվացյալ առիթը ականի պայթյունն էր, որի հետևանքով զոհվեցին վեց ադրբեջանցիներ։ Սակայն ադրբեջանական հարձակման նախապատրաստությունն իրականում շարունակվում էր շաբաթներ շարունակ:
Բրոերս. - Այո, իհարկե։ Վեց, կամ որոշ աղբյուրներ նույնիսկ 9 հոգու մահվան մասին են հաղորդում։ Ականները, իհարկե, շատ մեծ խնդիր են: Նախկին օկուպացված տարածքների հսկայական մասը պատված է ականներով։ Բայց այդ խնդիրը մի օրում չի լուծվում։ Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի մասին բազմաթիվ տեսանյութեր և հաղորդումներ են եղել: Հաղորդվել է Իսրայելից ռազմական տեխնիկայի ներկրման համար թռիչքների ավելացման մասին: Իսրայելից այս թռիչքները, որպես կանոն, միշտ համընկնում են հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակի սրման հետ: Այնպես որ, կարծում եմ, որ իրականում այս հարձակումն անսպասելի չէր։ Ոմանց համար գուցե անսպասելի էր, որ հարձակումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու բուռն բանակցություններից հետո: Եթե հիշում եք, շատ ինտենսիվ քննարկումներ էին Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի հաջորդական կամ միաժամանակյա բացման շուրջ: Բայց, թվում է, թե այս բոլոր բանակցությունները անբարեխիղճ են վարվել: Սա է այս շաբաթվա իրադարձությունների անխուսափելի եզրակացությունը։
«Ազատություն». - Հայաստանը երեք տարի առաջ՝ նախորդ պատերազմում պարտությունից հետո, մի կողմ է քաշվել։ Այն իրեն լքված է զգում միջազգային հանրության կողմից՝ չնայած արևմտյան և այլ երկրներից Ադրբեջանի հարձակման քննադատությանը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք նախկինում հիմնվում էին բացառապես Մոսկվայի անվտանգության երաշխիքների վրա, սրվել են, քանի որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը պնդում է, որ ռուսական ուժերը երեք տարի առաջ չկարողացան պաշտպանել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը։ Միգուցե Հայաստանում ստեղծված այս վակուումը, երբ մի կողմից Հայաստանը հեռանում է Ռուսաստանից և փորձում ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ, նպաստե՞լ է Բաքվի հաշվարկներին։
Բրոերս. - Այո, որոշ չափով: Հայաստանը սկսել է ավելի բացահայտ կասկածի տակ դնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները. չի փոխարինել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, Հայաստանում ԱՄՆ զինվորականների հետ համատեղ վարժանքներ է անցկացրել, և վարչապետն էլ բազմաթիվ հրապարակային հայտարարություններ է արել, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմքերը, գումարած, իհարկե, Ուկրաինային ուղարկված օգնությունը: Բայց դրանք ավելի շուտ մարտավարական քայլեր են: Չի կարելի անտեսել Հայաստանի շարունակվող, շատ խորը կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից, մասնավորապես էներգետիկայի և երկրի առանցքային ռազմավարական կառույցների սեփականության հարցում։ Այսպիսով, Հայաստանի համար Ռուսաստանից որևէ կտրուկ շրջադարձ հնարավոր չէ: Դա պետք է լինի աստիճանական գործընթաց: Եվ ես կարծում եմ, որ դուք միանգամայն իրավացի եք, որ Հայաստանն իսկապես մնացել է միայնակ, առանց դաշնակիցների, առանց իրական աջակցության՝ վերջին 25 տարիների ընթացքում երկրի ղեկավարության կողմից ընդունված ռազմավարական որոշումների արդյունքում:
«Ազատություն». - Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ Հայաստանը չի կարող բավականաչափ հեռանալ Մոսկվայից՝ չնայած այն բանին, որ փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Թե՞ կարծում եք, որ Ռուսաստանը կփորձի, եթե ոչ լիովին կասեցնել այս շրջադարձը դեպի Արևմուտք, ապա գոնե խանգարել դրան։
Բրոերս. - Այո, ես կարծում եմ, որ ներկայումս Հայաստանի համար սահմանափակ տարբերակներ կան։ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում մենք իսկապես դիվերսիֆիկացիա ենք տեսնում. ակնհայտ է, որ զենքի մատակարարման հարցում Հնդկաստանի հետ են հարաբերությունները զարգանում: Կա ԵՄ դիտորդական առաքելություն, որը դիտարկում է Ադրբեջանի հետ սահմանը։ Բայց ես կարծում եմ, որ դա պարզապես այն հարցը չէ, որտեղ մենք կտեսնենք որևէ կտրուկ շրջադարձ: Եվ ես կարծում եմ, որ առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, Հայաստանի հարավով տարանցիկ ճանապարհի խնդիրն է: Այն, ինչ Ադրբեջանում և Թուրքիայում անվանում են «Զանգեզուրի միջանցք»։ Սրա հետ կապված շատ հարցեր կան․ արդյոք արտատարածքայի՞ն միջանցք է լինելու: Ո՞ւմ սահմանային ռեժիմում է այն գործելու: Բացի այդ, Ռուսաստանն այս նախագծի շահառու կողմն է։ 2020 թվականի նոյեմբերից կնքված զինադադարի համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի անվտանգության ուժերը, սահմանային ծառայությունն է, որ պետք է վերահսկի այս միջանցքը։ Այսպիսով, սա ևս մեկ շատ բարդ աշխարհաքաղաքական հարցերի կծիկ է, որում հայտնվել է Հայաստանը: Եվ ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին այս միջանցքների շուրջ վեճերն ու հակասությունները կաճեն:
«Ազատություն». - Այսպիսով, ռուսական ազդեցությունը տարածաշրջանում չի նվազի, չնայած ուկրաինական պատերազմին։ Բայց ընդհանուր առմամբ ռուսական արձագանքը բավական մեղմ էր․ ինչո՞ւ։ Միգուցե այն չի՞ ցանկանում իրենից վանել նավթով ու գազով հարուստ Ադրբեջանին, որին փորձում է գրավել Արևմուտքը։ Ինչո՞ւ է Ռուսաստանը իրենից հեռացնում Հայաստանը՝ չաջակցելով ոչ երեք տարի առաջ, ոչ հիմա:
Բրոերս․ - Դա իսկապես հետաքրքիր հարց է: Այս շաբաթ տեղի ունեցածի համատեքստում արդյոք Ռուսաստանը կանաչ լույս վառողն է, որ թույլատրել է դա, թե կողքի է քաշվել՝ չկարողանալով խանգարել։ Ռուսաստանն, իհարկե, ակնհայտորեն թուլացել է ուկրաինական պատերազմի ընթացքում: Նվազել է ոչ միայն այդ երկրի կարողությունը, այլև Հարավային Կովկասում անվտանգության հովանավորի համբավը։ Ես կարծում եմ, որ ուկրաինական պատերազմի արդյունքում շատ էական վերափոխումներ են տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով։ Հայաստանի կարևորությունը նվազել է, մինչդեռ Ադրբեջանը դարձել է շատ ավելի կարևոր երկիր Ռուսաստանի համար։ Իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը, ուկրաինական պատերազմի առանցքային երկիր է Ռուսաստանի համար։ Այսպիսով, կարծում եմ՝ մենք այժմ տեսնում ենք մի Ռուսաստան, որն ավելի կախված է թուրքական շահերից: Հիշենք նաև, որ ՀԱՊԿ պետությունների մեծ մասը թյուրքական ազգեր են ներկայացնում։ Այսպիսով, կարծում եմ, տեղի է ունեցել վերագնահատում: Ռուսաստանին ավելի շատ պետք է Ադրբեջանը, քան Հայաստանը, և դա են արտացոլում այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։
«Ազատություն». - Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա ադրբեջանական ռազմական գործողությունը արժանացել է ԱՄՆ-ի և եվրոպական որոշ երկրների քննադատությանը, սակայն այնուամենայնիվ, նրանք չեն կարողացել ետ պահել Ադրբեջանին ուժ կիրառելուց։ Որպես նախորդ հարցի շարունակություն․․․ գուցե այդ քննադատությունը մեղմ է եղել՝ դարձյալ Ադրբեջանի կարևորությունից ելնելով, որպես նավթի և գազի հարուստ աղբյուր, որի կարիքը Եվրոպան շատ է զգում։
Բրոերս․ - Ես կարծում եմ, որ Ադրբեջանի՝ որպես ռուսական գազի այլընտրանքային մատակարարի դերը ուկրաինական պատերազմի լույսի ներքո շատ է չափազանցվում: Ես մասնագետ չեմ, բայց Ադրբեջանը անհրաժեշտ գազի 10 տոկոսն էլ չի կարող ապահովել։ Կարծում եմ, որ շատ այլ գործոններ կան:
Ադրբեջանը դիտվում է որպես կարևոր պետություն Իրանի հետ սահմանակից լինելու պատճառով: Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերություններն էլ են կարևոր դեր խաղում, քանի որ Թուրքիան կարևոր դերակատար է: Հաշվի է առնվում նաև Ադրբեջանի փափուկ ուժը։ Բացի այդ Եվրամիությում միասնական դիրքորոշման խնդիր կա։ Մասնավորապես, մի քանի անդամ երկրներ ավելի սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, մյուսները, ինչպիսիք են Ֆրանսիան, Հայաստանի հետ: Եվ ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ Եվրամիությունը հանդես չի գալիս որպես կոշտ ուժի կողմնակից՝ նախընտրելով միայն դրական խթաններ: Եվ հիմա դրան հակադրվել է Հարավային Կովկասում կոշտ ուժը, ինչը մարտահրավեր է Եվրամիության՝ տարածաշրջանում իր կարողությունների վերաբերյալ սեփական պատկերացումներին։
«Ադրբեջանին վերաինտեգրելու նախագիծը կպահանջի տքնաջան բանակցություններ, անցումային միջոցառումներ, իրոք մտածված անվտանգության երաշխիքներ»
«Ազատություն». - Հիմա՝ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրման բանակցությունների մասին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ հայկական ուժերը պետք է հանձնեն իրենց զենքերը և հեռանան, և որ Ղարաբաղի 120,000 հայերը կկարողանան մասնակցել Ադրբեջանի ընտրություններին, ստանալ պետական կրթություն և ազատորեն դավանել քրիստոնեություն մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում: Արդյո՞ք դա իրականանլի է:
Բրոերս․ - Այո, սա ինտեգրման հարցն է: Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն և ունեն անվտանգության շատ լուրջ մտահոգություններ: Այսպիսով, ես կարծում եմ, որ նրանց Ադրբեջանին վերաինտեգրելու նախագիծը կպահանջի տքնաջան բանակցություններ, անցումային միջոցառումներ, իրոք մտածված անվտանգության երաշխիքներ և այլն: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս բանակցությունները տեղի են ունենում բռնության շատ դաժան և ոչ համաչափ դրվագներից հետո։ Այսպիսով, ես կարծում եմ, որ հարցը վստահությունն է։ Ադրբեջանի հայտարարած պարտավորությունները հայ բնակչության լայն շրջանակների կողմից չեն ընկալվում որպես արժանահավատ: Եվ ես կարծում եմ, որ ամենահավանական արդյունքը, որը մենք կտեսնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մարդկանց զգալի հոսքը կլինի Հայաստան: Եվ այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ և ի վիճակի ընդունելու այդ մարդկանց։
«Ավելի հավանական է՝ կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան»
«Ազատություն». - Մենք տեսանք, որ վերջին բախումների ժամանակ շատ հայեր հավաքվեցին Ստեփանակերտի օդանավակայանում՝ փորձելով լքել շրջանը՝ հենց ապագահի հանդեպ Ձեր նշած մտավախությունների պատճառով։ Այսպիսով, Դուք կարծում եք, որ նրանցից շատերը կնախընտրեն չմնալ Ղարաբաղում։ Իսկ Ադրբեջանը ինչ-որ կերպ կկխրախուսի՞ մարդկանց մնալ, թե՞ լռելյայն թույլ կտա, որ հեռանան, ինչպես Բալկաններում 1990-ականներին էր, գերադասելով ավելի միատարր, մոնոէթնիկ պետություն ունենալ, քան գործ ունենալ տարբեր էթնիկ փոքրամասնությունների հետ։
Բրոերս․ - Ելնելով նրանից, ինչ մենք տեսել ենք վերջին օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում, ինձ համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանն իսկապես ցանկանում է, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը մնա: Դա կառավարության համար գլխացավանք է լինելու: Եվ դա չի համապատասխանում Ադրբեջանի ռեժիմի տեսակին ու կառուցվածքին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի հավանական է՝ կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան: Իհարկե, Ղարաբաղի հայերի մնալ-չմնալը նույնպես, ցավոք, աշխարհաքաղաքական հաշվարկների հարց է և կապված է ռուսական ներկայության շարունակման հետ։ Եթե Ղարաբաղում հայկական համայնք չմնա, ապա ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության համար արդարացում այլևս չի լինի։ Ռուսաստանի շահերից է բխում, որ այնտեղ հայերի խորհրդանշական ներկայություն ամեն դեպքում լինի։ Բայց Ադրբեջանը ևս սպասում է 2025 թվականին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն երկարաձգել, թե ոչ ռուս խաղաղապահների մանդատը։ Ադրբեջանը ձգտում է, եթե ոչ ամբողջությամբ հրաժեշտ տալ ռուս խաղաղապահներին, ապա գոնե կտրուկ նվազեցնել ռուսական առաքելության բնույթն ու շրջանակը: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք կտեսնենք բնակչության ավելի շատ տեղաշարժեր:
«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս սա կանդրադառնա բուն Հայաստանում իրավիճակի վրա, որտեղ բողոքի ցույցեր են, որ մեղադրում են վարչապետ Փաշինյանին դավաճանության մեջ։
Բրոերս․ - Ես կարծում եմ, որ Հայաստանում անկայունություն է լինելու: Ես գիտեմ, որ ռեժիմի փոփոխության որոշակի մտահոգություններ կան, որ կարող է ավելի ռուսամետ ընդդիմությունը գալ իշխանության։ Բայց իմ կարծիքով, այսօր անհնար է, որ ռուսամետ իշխանությունը Հայաստանում իշխանության ղեկին մնա: Կարծում եմ՝ այնքան շատ փոփոխություններ են եղել, և այնքան կուտակված հիասթափության զգացում կա Ռուսաստանից, որ նման ուժերի համար շատ դժվար կլինի մնալ իշխանության ղեկին: Բայց վստահ եմ, որ Հայաստանում մեծ անկայունություն ու քաղաքացիական հուզումներ ենք տեսնելու։
Կարծում եմ՝ կարելի է նաև արդարացիորեն անհանգստանալ քաղաքական բռնությունների հնարավոր վերադարձով, ինչի օրինակները Հայաստանում կան․ սկսած 2016-ին ոստիկանական գունդը գրավելուց մինչև բարձրաստիճանների սպանություններ։ Այսպիսով, կարծում եմ, որ մտահոգվելու շատ բան կա:
«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի իշխանություններն ինչ-որ կերպ կփորձեն Ղարաբաղում վերաբնակեցնել ադրբեջանցիներին, որ հեռացել էին 1990-ականներին, հատկապես, որ շատ հայեր լքելու են տարածաշրջանը, արդյոք այնտեղ ադրբեջանցիներին կբնակցնեն, թե կզգուշանան դա անել։
Բրոերս․ - Կարծում եմ, որ, իհարկե ներքին տեղահանվածների վերադարձի մտադրություն և ծրագրեր Ադրբեջանն ունի։
Շուրջ 650.000 մարդ բռնի տեղահանվել է հենց Լեռնային Ղարաբաղից և հարակից օկուպացված տարածքներից։ Մարդկանց վերաբնակեցմանն այդ տարածքներում խոչընդոտում են հանքարդյունաբերության և ականապատման ծավալները: Այդ տարածքներն ամբողջովին ավերված, են և զրոյից համայնքներ են կառուցում: Այսպիսով, այս ուղղությամբ շարունակական ջանքեր կան: Արդեն իսկ փոքր համայնքներ վերադարձել են։ Եվ, կարծում եմ, կլինի պետական մեծ ծրագիր, և ռեսուրսներ կներդրվեն վերադարձը հաջողությամբ կյանքի կոչելու համար։ Բայց հարց է, արդյոք դա կարելի է հաջողություն համարել, եթե տարածաշրջանը շարունակի մնալ պառակտված և թշնամական մտադրություններով լի։