ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին երեկ, Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում, իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:
Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը՝ ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում:
Փիթերսը եռօրյա այցով էր Հայաստանում։ Նրա գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան, եղել Կոռնիձորում։ ԱՄՆ սենատորը շատ մտահոգիչ էր համարել Լեռնային Ղարաբաղում կատարվողը՝ շեշտելով՝ «պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ»։ Երեկ ավարտվեց նրա այցը Հայաստան։ Երկվանից Հայաստանում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը։