Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Այն տարածվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» վերականգնելու շարունակական ջանքերի համար: Բացի այդ, նա կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու և այնտեղ հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելուն ուղղված ջանքերին», - նշվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։